Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում անելիքները շատ են». Պատրիկ Նոպենս

Փետրվար 17,2016 19:20

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնն այսօր հրապարակեց Հայաստանի «պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվը» ուսումնասիրության արդյունքները:

ԹԻ-ի հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի գնահատմամբ, ուսումնասիրությունները թույլ են տալիս վեր հանել համակարգի թույլ կողմերը, որոնք կոռուպցիայի պատճառ են. «Վերջին ուսումնասիրության արդյունքներով, հասարակության տպավորությամբ, պաշտպանության ոլորտում կոռուպցիայի մակարդակը կազմում է 47%, սա արդեն լուրջ խնդիր է, քանի որ կարևոր է հասարակության կարծիքը ոլորտի վերաբերյալ»:

ԹԻ-ի պաշտպանության և անվտանգության ծրագրի խորհրդական Պատրիկ Նոպենսը նշեց, որ ուսումնասիրությունը կատարվել է 114 երկրում, որոնք գնահատվել են A-F սանդղակով, որտեղ A-ն լավ ցուցանիշ է, իսկ F-ը բացասական.

«Հայաստանը այս սանդղակում ստացել է D տառը, ինչը նշանակում է, որ անելիքները շատ են: Ադրբեջանում, սակայն իրավիճակն ավելի ծանր է, այն ստացել է E տառը, Իրանը նույնպես E տառը: Տարածաշրջանում ամենաբարվոք վիճակը Վրաստանում է, այն ստացել է C տառը: Սա շնորհիվ վերջին տարիներին համակարգում կատարած բարեփոխումների արդյունք է»:

Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքի գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ դիտողություններ ուներ զեկույցի վերաբերյալ, մասնավորապես նա նշեց, որ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ թերություններ.  «Առաջին՝ հենց սկզբից նշվում է, որ ԱԺ-ն վերահսկողության քիչ հնարավորություններ ունի պաշտպանության ոլորտի ծախսերի ու գնումների նկատմամբ և որ խորհրդարանում ծախսերը երբեք քննարկման առարկա չեն դառնում: Իհարկե, սա ճիշտ չէ, իհարկե ԱԺ-ն ունի վերահսկողական լիազորություններ ու բյուջեի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում… պարզապես հաճախ այս քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովի դռնփակ նիստերում, ինչպես օրենքն է պահանջում»:

Ըստ  Կորյուն Նահապետյանի, իրականությանը չեն համապատասխանում զեկույցում տեղ գտած դիտարկումները, թե կառավարությունը հաշվետվություն է տալիս ԱԺ-ին բյուջեի կատարման, բացառությամբ պաշտպանության ոլորտի մասով. «Կամ նշված է, թե հանձնաժողովում  ընդգրկված չեն ոլորտի փորձառու մասնագետներ: Դուք ճանաչում եք բոլոր անձանց, և կարծում եմ, պետք է նշել, որ դա ճիշտ չէ; ԱԺ-ն պաշտպանության ոլորտում իրականացնում է պատշաճ վերահսկողություն օրենքի սահմաններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29