Օրերս ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կայացած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկության արդյունքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգտին «կողմ» քվեարկեց 5 պատգամավոր, իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7: «Սիվիլնեթի» եթերում խոսելով այդ արդյունքներից ու ընդդիմության պատգամավորների պահվածքից, տիկին Փոստանջյանը Արման Թաթոյանին պաշտպանելու համար՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին որակեց դասալիք՝ ընդդիմության մեջ:
«Ժառանգության» պատգամավորը տարակուսած էր, որ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե Արման Թաթոյանը որեւէ բացասական ազդեցություն չի ունեցել Մարտի 1-ի զեկույցի հետ կապված եւ դա արել է այլ փոխնախարար:
«Պարոն Թաթոյանը այն անձն է , որ Հայաստանի Հանրապետության փաստաբանն է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ նշել է, որ մասնակցել է Մարտի 1-ի զեկույցին: Եվ եթե Մարտի 1-ի զեկույցին մասնակցություն է ունեցել, ապա ինքը պետք է հայտարարեր, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական հայացքների համար դատապարտյալներ, մինչդեռ երբ Թաթոյանին ուղղեցինք այդ հարցը՝ կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ Հայաստանում, խուսափեց այդ հարցերից»,-«Սիվիլնեթին ասել էր Զարուհի Փոստանջյանը:
Նրա ձեւակերպմամբ, եթե Ջհանգիրյանը պաշտպանել է իշխանությունների թեկնածուին, մոռանալով, թե ինչպես ժամանակին իրեն ինչպես կալանավորեցին՝ մեղադրանքի հիմքում դնելով զենք-զինամթերք կրելը ու ոստիկանին դիմադրություն ցուցաբերելը, ուրեմն այդ քայլով, ինքն ընդունել է, որ «սովորական կրիմինալ է եւ ոչ թե քաղբանտարկյալ»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը մի որակում էլ արեց Ջհանգիրյանի հասցեին. «Բանտախցերից էլ էին ինձ զանգահարում եւ ասում, որ տվյալ անձը, որը գովեց Թաթոյանին, փաստորեն, ինչպես նախկինում եղել էր мусор, կներեք բառի համար, այդպես էլ մնացել է»:
Aravot.am-ը Փոստանջյանի տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Գագիկ Ջհանգիրյանից: Նա հրաժարվեց ինչ-որ բան մեկնաբանել: «Չեմ նայել այդ տեսանյութը, չեմ կարող մեկնաբանել, եւ ընդհանրապես որեւէ մեկի ասածը չեմ մեկնաբանի»,-ասաց ՀԱԿ պատգամավորը ու անջատեց հեռախոսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ