Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015 թ. 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ և միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային համագործակցությունը:
Աշխատանքներ են կատարվել մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ 2015 թ. շահագործման են հանձնվել Ճամբարակի, Բերդի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը։ Տնտեսված միջոցների հաշվին 5 մարզում շահագործման են հանձնվել 6 նորակառույց և 1 հիմնանորոգված առողջության առաջնային պահպանման կենտրոններ և ամբուլատորիաներ։ Ավարտվել են ևս 5 առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի կառուցման և 1-ի հիմնանորոգման աշխատանքները։ Շարունակվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ընթացքի մեջ է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:
2015 թ. Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 526.202 անվճար հետազոտություն: Սոցիալական փաթեթից օգտվող 81 հազար շահառուի համար իրականացվող պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտություններ է անցել շահառուների շուրջ 98 տոկոսը: Ներդրվել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը,որով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի:
Հաշվետու տարում շարունակվել են երեխաների, ինչպես նաև մայրական և վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը: Արձանագրվել է մայրական և մանկական մահացության դեպքերի զգալի կրճատում: Ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների սկրինինգային ծրագիրը: 0-22 տարեկան տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակն ու բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում 2015-2019 թթ. ընթացքում անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Սոցիալապես անապահով ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարմանն ուղղված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն 80 անպտուղ զույգ հետազոտվել և բուժվել է պետպատվերի շրջանակում (ՀՀ պետբյուջեից հատկացվել է 78 մլն ՀՀ դրամ):
Հաշվետու տարում շարունակվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացումը, սեզոնային գրիպի կանխարգելման ծրագրի շրջանակում կատարվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ ընդունվել են «Դեղերի մասին» ՀՀ օրենքը և հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը:
Վարչապետի պահանջով 2015 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է զեկուցողներին աշխատել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով՝ հաշվի առնելով նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը:
Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ կառավարության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեությունը: Վարչապետը նախարարության թիմի ուշադրությունը հրավիրել է ՀՀ մարզերում պետական պատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները ծախսվեն արդյունավետ և նպատակային: Հովիկ Աբրահամյանը նաև կարևորել է դեղերի որակի, ինչպես նաև գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ