Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մայրաքաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված երեխաների խնամքի տրամադրման, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններ երեխաների որդեգրման կարգերում սահմանված` քաղաքապետարանի համապատասխան բաժնի և վարչական շրջաններում գործող հանձնաժողովների գործառույթները:
Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ համագործակցության մեխանիզմների հստակեցման և սոցիալական աջակցության բաժինների հետ աշխատանքային ձևաչափի մշակման վերաբերյալ:
Բաժնի կողմից առաջարկվել է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատանքներում ներգրավել սոցիալական աջակցության բաժիններին՝ անհատական վերականգնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Քննարկվել են նաև նախորդ տարվա ընթացքում ի հայտ եկած առանձին խնդիրներ, և նախանշվել են դրանց լուծման ուղիները:
Երևանի քաղաքապետարան