Երեւանի պետական կամերային թատրոնում այսօր ընթերցողներին ներկայացվեց հանրահայտ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որը հեղինակել է «Բուկինիստ» հրատարակչությունը: Գրքում ստույգ մանրամասներով եւ նկարազարդումներով ներկայացված են տիեզերքի, բնության, մարդու ստեղծման եւ այլնի մասին տվյալներ, որոնք կզարմացնեն հատկապես պատանի ընթերցողին:
«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գիտելիքների հանրագիտարանում» հատուկ հայ ընթերցողի համար ավելացվել է «Հայաստան» բաժինը. «Երբ թերթում էի գիրքը, տեսա «Հին Հռոմ», «Հին Արեւելք», «Օսմանյան Կայսրություն» բաժինները, մինչդեռ Հայաստանի մասին ոչինչ չկար: Բոլոր բաժինների հոդվածները ներկայացված են 4 էջով, իսկ «Հայաստան» բաժինը՝ 16: Հանրագիտարանը բավականին հաջողված է: Հրատարակել ենք 3000 օրինակ՝ նախատեսելով երեք տարում սպառելու համար: Որքան էլ ուզեցանք գինը էժան դնել, կազմեց 15.900 դրամ: Հաշվի առնենք, որ նման գրքերը 20-30.000 դրամ արժեն:
Անսպասելիորեն, դեկտեմբերին եւ հունվարին վաճառվեց 650 օրինակ, իսկ այսօր արդեն առանց գովազդի վաճառված հանրագիտարանների քանակը 700 է»:
Կարդացեք նաև
Վարդանյանի կարծիքով՝ առաջիկա մեկ տարում «Գիտելիքների հանրագիտարան»-ի ողջ տպաքանակը կսպառվի:
Շնորհանդեսին ներկա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ելույթ ունեցավ՝ ասելով, որ արդեն ձեռք է բերել գրքից մի քանի օրինակ՝ հարազատներին նվիրելու նպատակով. «Երբ թերթում ես գիրքը, «համացա՞նց, թե գիրք» հարցադրումը վերանում է: Այս նախաձեռնությունը կօգնի երեխաներին ավելի կապվել տպագիր գրքի հետ: Շատ ուրախ եմ, որ այս իրադարձությունը տեղի է ունենում Գիրք նվիրելու օրվան ընդառաջ»:
Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում «Գիտելիքների հանրագիտարան»-ը վաճառվում էր զեղչով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ