Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ի հայցով քննվում է «Դոլմամա» ռեստորանի շենքն օտարելու 4 գործ: Մինչդեռ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը հետաքրքրված չէ վաճառել այն, պատրաստակամություն է հայտնում պետական շահը բավարարել սեփական ուժերով եւ մտավախություն ունի, որ այս եղանակով ցանկանում են իր բիզնեսը գողանալ:
Aravot.am-ի հետ զրույցում «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ կա օրենք օտարման մասին, որտեղ գրված է, որ ծրագիր ընդունողը կամ չընդունողը կառավարությունն է. «Շարունակում է, ասում է ծրագիրը կարող է կառավարությունն անել ինքնուրույն, կարող է անել ինչ-որ մի պետական մարմնի միջոցով՝ որեւէ նախարարության կամ տեղական մարմնի՝ քաղաքապետարանի, կարող է իրականացնել ինչ-որ մի ընկերության միջոցով: Հիմա այս մի ծրագիրը կառավարությունն իրականացնում է այս մի ընկերության միջոցով: Ծրագիրն էլ, որ մեզ վրա դրված է, շատ կարճ է՝ կատարել իրացում, գույքը ձեռք բերել եւ հանձնել պետությանը, այդքան բան: Հիմա, որ Դուք շարունակաբար անձնավորում եք, մինչեւ ձայնագրիչը միացնելը կրկին մի քիչ անձնավորեցիք, անձի հետ ինչի՞ եք կապում, այս անձը չլիներ, կարող է լիներ մեկ այլ ընկերություն կամ մեկ այլ նախարարություն ծրագիրն իրականացնող: Պարոն Ավանյանը ի՞նչ էր ասելու, իր անունն էր տալո՞ւ»:
Ալեքսանդր Սիրունյանը ընդգծեց, որ ինքը եւ «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն դատարանում պետության ծրագիրն են ներկայացնում. «Քանդողն էլ է պետությունը, նախագծողն էլ է պետությունը, ինչ է լինելու, դա էլ է պետությունը որոշում»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ գնահատվել է միայն անշարժ գույքը, ոչ թե բիզնեսը, Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ իրավաբան է եւ չգիտի՝ ինչն ինչ արժե. «Բնակարան է գրանցված, ես չգիտեմ, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը: Ընդ որում` այսօր էլ դատարանում պարզվեց, որ «Դոլմաման» սեփականության իրավունք չունի, ունի պայմանագիր տարածքը զբաղեցնելու, այն էլ՝ անհատներ: «Դոլմամայի» կորուստը ո՞րն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ