Արարատյան հայրապետական թեմի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) համատեղ ջանքերով այսօր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ, որի մասնակիցները ԵԳՊԱ-ի ուսանողներն են:
«Այսպիսի ցուցահանդեսները մեզ համար հետաքրքիր և արդեն ձևավորված լավ ավանդույթ են այն իմաստով, որ ստեղծագործական բուհերի հետ մեր աշխատանքը միայն ցուցահանդեսի օրով չի սկսվում ու ավարտվում: Մինչև ցուցահանդեսը հոգևորականները հանդիպումներ են ունենում ստեղծագործական բուհերի ուսանողների հետ, նրանց ներկայացնում Ս. Սարգսի վարքը, տոնի խորհուրդը՝ ինչ-որ առումով իրականացնելով նաև հոգևոր կրթություն: Դրանից հետո արդեն ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին, փորձում են իրենց հոգևոր գիտելիքները ներկայացնել իրենց ստեղծագործություններով՝ գեղանկարներով, քանդակներով և այլն»,- ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նկատենք, որ այս տարի սա արդեն չորրորդ և վերջին ցուցահանդեսն է՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Ավելի վաղ այսպիսի ցուցահանդեսներ բացվել էին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:
Կարդացեք նաև
Քահանայի խոսքով՝ ուսանողների աշխատանքները գնահատելիս շեշտն առաջին հերթին դրվելու է դրանց՝ տոնի հետ փոխկապակցված լինելու հանգամանքի վրա, բայց, անշուշտ, կարևոր է նաև հեղինակի վարպետությունը:
Գեղանկարչական, գրաֆիկական, դիզայներական թեմատիկ աշխատանքները գնահատելու է արվեստագետներից և հոգևորականներից կազմված ժյուրին: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական մրցանակների ու պատվոգրերի: Դեռևս հստակ չէ, թե երբ կամփոփվեն մրցույթի արդյունքները: Բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի Ս. Հարության տոնից՝ մարտի 27-ից հետո:
Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակը հոգևոր քարոզչությունն է, Ս. Սարգսի տոնի խորհուրդը նաև այս ձևով բացահայտելն ու հանրությանը ներկայացնելը:
ԵԳՊԱ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանին այնքան էլ չեն գոհացնում ներկայացված աշխատանքներն ու մասնակիցների թիվը. «Կարելի էր ավելի լավ ներկայանալ, որովհետև Գեղարվեստի ակադեմիան, ի վերջո, կրթում, դաստիարակում է մի սերունդ, որը վաղը փոխարինելու է մեզ կամ մեր մեծերին: Ցավոք, քչերն են անդրադարձել առաջադրված հարցերին ու թեմային: Եթե կոնկրետ թեմա կա, պետք է շոշափվի հենց այդ թեման»,- ընդգծեց Ա. Ավետիսյանը:
ԵԳՊԱ-ի Գեղանկարչության բաժնի երրորդ կուրսի ուսանող Տիգրան Ավետյանի ներկայացրած աշխատանքում, օրինակ, եկեղեցի է պատկերված:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր աշխատանքն անմիջական կապ չունի Ս. Սարգսի տոնի խորհրդի հետ: Պարզապես, սիրում է եկեղեցիներ նկարել բնության մեջ. «Այդ գեղանկարը հատուկ մրցույթի համար չեմ արել: Այն արդեն կար, երբ իմացա մրցույթի մասին, և քանի որ շատ էի հավանում, որոշեցի ներկայացնել: Չեմ մասնակցում հաղթելու համար: Ուղղակի ներկայանում եմ հանրությանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ