Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտանոթային հիվանդությունների ախտանիշներն ու պատճառները (Տեսանյութ)

Փետրվար 17,2016 15:57

Սրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է այս շրջանում ավելի զգոն լինեն, քանի որ այդ հիվանդությունները սրվում են գարնանը եւ աշնանը:

Ինչպես կարող է մարդը կռահել, որ սրտանոթային հիվանդություններ ունի, եւ չշփոթի այդ հիվանդության ախտանիշներն, ասենք՝ մկանային ցավերի հետ:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան Միքայել Ադամյանը ներկայացրեց սրտանոթային հիվանդությունների ժամանակ եղած այն գանգատները, որոնց առկայության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի:

«Հիմնականում բարձր ճնշման ժամանակ շնչահեղձությունն է լինում, գլխացավեր, կրծքավանդակի ցավեր: Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ էլ շնչահեղձություն է լինում, լինում են ոչ թե ծակոցներ, այլ ծանր սեղմող ցավեր կրծքավանդակի շրջանում, կարող է լինել ծնոտի ցավեր, ուսահոդի ցավեր: Այս գանգատները առաջ են գալիս ֆիզիկական լարման ժամանակ, իսկ երբ հիվանդությունն ուշ փուլում է լինում, նշված գանգատները նաեւ հանգստի ժամանակ են լինում»,-ասաց բժիշկը:

Մանրամասն՝ տեսանյութում

Սրտանոթային հիվանդությունների ռիսկային տարիքը տղամարդկանց դեպքում 40 եւ բարձր տարիքն է, իսկ կանանց՝ 45 եւ բարձր:

Բժշկի խոսքերով ռիսկային տարիքի մարդիկ տարին գոնե մեկ անգամ պետք է հետազոտվեն, եւ լավ է տարին մեկ անգամ մոտ 40 հազար դրամ տրամադրել հանուն առողջության, հիվանդության կանխարգելման համար, քան «դանակը հասցնել ոսկորին» ու ավելի մեծ գումարներ ծախսել, ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել:

Ադամյանի ներկայացմամբ, ինչպես բոլոր հիվանդություններն, այնպես էլ սրտանոթայինը, երիտասարդացել է եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

«Այս տարի դեպք ենք ունեցել՝ 36 տարեկան երիտասարդ աղջիկը սրտի ինֆարկտով, սա բժշկության մեջ կազուիստիկ դեպք է համարվում, բոլորս շոկային վիճակում էինք: Բարեհաջող ստենդավորումից հետո նա տուն գնաց»,-ասաց Ադամյանը:

Բժշկի խոսքերով՝ հիվանդությունների երիտասարդացման պատճառներից է նաեւ հայերի գենոտիպը. «Բոլոր հին ազգերին բնորոշ է դա: Նույնիսկ ավանդույթից է կախված, երբ հիմնականում մոտ շրջապատից, իրենց գյուղից են աղջիկ կամ ամուսին ընտրում, եւ նման դեպքերում հիվանդությունների խաչասերումը ավելի ակտուալ է դառնում, ավելի հաճախ են հանդիպում հիվանդությունները երիտասարդների մոտ»:

Բացի այս, սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել ծխելը, սթրեսները, սխալ սննդակարգը: Սակայն, բժիշկը նկատեց, որ ժառանգականությունը մեծ դեր է խաղում նշված հիվանդությունների դեպքում:

Մանրամասն՝ տեսանյութում

Բժիշկը հորդորեց առողջ ապրելակերպ վարել, խուսափել ճարպոտ սննդից, վատ սովորություններից եւ անպայման զբաղվել սպորտով, շատ նստակյաց վիճակից խուսափել:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ սրտանոթային հիվանդությունները տղամարդկանց մոտ ավելի շատ են հանդիպում, բժիշկը կատակեց՝ «Կանայք»: Իսկ որպես լուրջ պատասխան, Ադամյանն ասաց, որ կանացի հորմոններն օգնում են կանանց ավելի երկար ապրել, համեմատ տղամարդկանց՝ ավելի քիչ հիվանդություններ ունենալ, քանի որ հենց բնությունն է օգնում այդ հարցում կնոջը. «Կինը յուրահատկություն ունի բնության մեջ՝ ստեղծված է սերունդ շարունակելու համար, ուստի վերարտադրողական տարիքի կանայք շատ չեն հիվանդանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29