Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձեի հետ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:
Հանդիպման ավարտին Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք Թուրքիան դիտում են որպես մոտ բարեկամ, որի հետ կապված են ռազմավարական հարաբերություններով:
«Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք մեր պատրաստակամությունը անցկացնել բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհուրդ, որի առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում վարչապետների մակարդակով: Կարծում եմ, որ այդ ձևաչափը կխորացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Կարդացեք նաև
Նախատեսվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, իսկ Փետրվարի 19-ին կմասնակցի Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ