Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Նման նվերը, որը Հայաստանն արեց «Գազպրոմին», եղբայրը եղբորը չէր անի» (Տեսանյութ)

Փետրվար 17,2016 15:25

«Գազպրոմ» ընկերությունն առայժմ չի պատասխանել Հայաստանի կառավարության` գազի գինը վերանայելու խնդրանքին: Այսօր տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Կոնգրես» հյուրանոցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար գազի գինը Ռուսաստանը պետք է նվազեցնի՝ սահմանին 1000 խմ-ի համար սահմանելով 110-120 դոլար` ներկայիս 165 դոլարի փոխարեն: Պարոն Խաչատրյանի համոզմամբ, երկրի ներսում էլ գազի գինը առնվազն 50 տոկոսով պետք է նվազի:

Ըստ պարոն Խաչատրյանի, Հայաստանի խնդիրները սկսվել են, երբ 2013 թվականին Ռուսաստանի հետ վավերացվեց գազային պայմանագիրը, համաձայն որի Ռուսաստանը դարձավ մեր երկրի միակ մատակարարը: Հարցին, թե հնարավո՞ր չէ վերանայել այդ պայմանագիրը, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա այլընտրանքային տարբերակներ ունենա գազ ձեռք բերելու, պարոն Խաչատրյանն ասաց, որ պայմանագրով ֆորս-մաժորային իրավիճակների համար կետ կա, իսկ ներկայիս իրավիճակը, որը կատարվում է գազի, նավթի շուկայում, Վահագն Խաչատրյանի համոզմամբ, ոչ այլ ինչ է, քան ֆորս-մաժոր:

«Մենք Ռուսաստանին ասել ենք՝ մենք հանձնվում ենք ձեզ, արեք մեզ հետ այն, ինչ ուզում եք: Նախկինում պայմաններից մեկն այն էր, որ եթե մենք չդառնայինք Եվրասիական տնտեսական միության անդամ, գազը մեզ 40 տոկոսով ավելի թանկ կվաճառվեր: Բայց կյանքն ու աշխարհում ընթացող զարգացումները ցույց տվեցին, որ ամբողջ աշխարհում երկու անգամ գազի գները նվազել են: Մեզ ասում էին՝ տեսեք, ամենաէժան գազն ենք ձեզ տալիս, բայց պարզվեց, որ ամենաէժան գազը չեն տալիս»,-ասաց տնտեսագետը:

Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսի մասնակից էր նաեւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որի համոզմամբ, անկախ ամեն ինչից, էներգակիրների գին իջեցնելու անհրաժեշտություն միշտ կա: Սակայն Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը սահմանի վրա գազի գինն իջեցնի, ապա բնակչության համար չեն իջեցնելու:

Վիլեն Խաչատրյանի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում

Վահագն Խաչատրյանն ասաց, որ Ռուսաստանը խոստանում էր 400 մլն դոլարի ներդրում անել Հայաստանում. «Նոր կառուցվող ատոմակայանում պետք է ներդրումներ կատարվեին, բայց հիմա հայտարարում են, որ վարկեր ու ներդրումներ չկան: Մենք կարող ենք ասել՝ դուք չեք կարողանում կատարել ձեր խոստումը, մենք հասկանում ենք, Ռուսաստան, բայց պետք է գազի գինը վերանայվի: Իրան-Հայաստան գազամուղը չգիտես ինչու նվեր տրվեց «Գազպրոմին», ինչի համար որեւէ հիմնավորում, հաշվարկ չկար: Մենք զրկվեցինք մի մեծ հեռանկարային ծրագրից: Հիշեցնեմ, որ պետք է Հայաստան-Իրան գազամուղ լիներ՝ 1500 մմ տրամագծով, հիմա 750 է, պետք է այդ գազամուղը կառուցվեր մինչեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, պետք է այդ բլոկի շինարարությունն ու վերջնական աշխատանքներն ավարտվեին իրանական գումարներով՝ մոտ 240-300 մլն դոլարի: Դրանից հետո Իրանը շարունակելու էր գազ մատակարարել, մենք ոչ մի լումա, ոչ մի կոպեկ չէինք ծախսում, դա իրանական կողմը որպես ներդրում էր կատարելու: Մենք պետք է հետագայում դրա դիմաց վճարեինք՝ էլեկտրաէներգիա արտահանելով: Բայց մենք հրաժարվեցինք, նման նվերը, որն Հայաստանն արեց «Գազպրոմին», եղբայրը եղբորը չէր անի»:

Պարոն Խաչատրյանի համոզմամբ, «Գազպրոմի» հեղինակությունը համաշխարհային շուկայում շատ ընկած է եւ երբ ուսումնասիրում ես այդ ընկերության նախորդ տարվա հաշվետվությունը, ապա հասկանում ես, որ նորմալ ընկերության պարագայում նա բանկրոտ կհամարվեր. «Բայց քանի որ դա պետական ընկերություն է, պետությունն իր վրա է վերցնում բեռը: Եվ ՌԴ տնտեսության ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ արդյունավետ տնտեսություն ունի: Նավթից ու գազից կախվածությունը միշտ եղել է այն պատճառով, որ ռուսական տնտեսությունն արդյունավետ չի եղել: Այսինքն՝ ռուսական տնտեսության խնդիրը համակարգային է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29