Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոստացել ամերիկացիներն ու եվրոպացիները ՀԱԿ-ին

Փետրվար 17,2016 14:53

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական եւ հասարակական կազմակերպություններին կոչ է անում ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխության միասնական պահանջների պլատֆորմ կամ պահանջների միասնական պլատֆորմ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հնչեցրեց այդ կոչը:

Ինչո՞ւ է ՀԱԿ-ն այս կոչն անում եւ սա համարում Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրը` Լեւոն Զուրաբյանը բացատրում է. «Փորձը ցույց է տալիս, որ կյանքում կարող են կոալիցիաներ, նշանակումներ, հրաժարականներ լինեն, բայց երկրի խնդիրները` կոռուպցիան, մոնոպոլիզացված տնտեսական համակարգը եւ այլն, չեն լուծվում, ինչքան էլ ՀՀԿ-ու ՀՅԴ-ն ամուսնանա ու բաժանվեն, հասարակությանը ծրագրեր ներկայացնեն: Մեր բոլոր արատների ապաքինման միակ բանալին ազատ եւ արդար ընտրությունների ձեւավորումն է»:

Ընդդիմադիր գործիչն այսօր այդ ուղղությամբ «թռիչքաձեւ բեկում կատարելու բացառիկ հնարավորություն» է տեսնում: Չնայած, ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով ևս մեկ անգամ կեղծվեց ժողովրդի կամքը, բայց ստեղծել է մի նոր իրավիճակ, երբ «միակամ ներկայանալու դեպքում կարող ենք ռեժիմին մեր կամքը պարտադրել»:

ՀԱԿ-ը ԸՕ-ի ձեւավորման իր առաջարկներն է ներկայացրել` ընտրողների ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, մատների թանաքոտման եղանակով կամ էլեկտրոնային համակարգով նույնականացման եղանակով քվեարկության ապահովում եւ այլն: ՀԱԿ-ում հասկանում են, որ իշխանությունը դիմադրելու է իրենց առաջարկներին, բայց նորություն են տեսնում. «Հասարակության մեջ կեղծարարությունը մերժելու կամք կա եւ միջազգային հանրությունն էլ պատրաստ է աջակցել` եթե ժողովուրդը կոնսոլիդացվի: Բացվել է հնարավորություն, որ հասարակության կոնսոլիդացիայով եւ միջազգային ճնշմամբ կարող ենք ազդել իշխանությունների վրա»:

Լեւոն Զուրաբյանը քննադատեց ԸՕ-ի հեղինակներից մեկի`Հրայր Թովմասյանի օրերս արած այն հայտարարությունը, թե աշխարհը սահմանել է, որ ընտրություններից հետո չի կարելի ցուցակները հրապարակել: «Դա տարրական սուտ է եւ չի կարելի, որ իրեն իրավաբան հորջորջող մարդը նման հայտարարություն է անում»,- ասաց նա:

Ընդդիմադիր գործիչի քննադատությունից բաժին հասավ նաեւ Վենետիկի հանձնաժողովին, որն իր կարծիքով, բացասական դերակատարում է ունենում այս գործընթացում` մերժելով ընտրացուցակների հրապարակումը: Միայն թե չի հասկանում` ինչո՞ւ են իշխանությունները այդ հանձնաժողովի ասածները «դրոշակ սարքել»: Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի, ինքն էլ վկայակոչում է` ԵԱՀԿ/ ԺՄԻԳ-ն այլ տեսակետ ունի` թեեւ Վենետիկի հանձնաժողովը չի ընդունում ընտրացուցակների հրապարակումը, բայց միջազգային իրավունքով դա արգելված չէ: Նա օրինակ բերեց, որ անգամ դեմոկրատիայի օրրան Միացյալ թագավորությունում էլ է սա կիրառվում:

Լեւոն Զուրաբյանը հասարակության կոնսոլիդացիայի գործընթաց այս հարցում, նկատում է: Դա օրերս 8-9 կազմակերպությունների հայտարարությունն էր` նույնատիպ պահանջներով: «Մնում է մի քայլ անել`ստեղծել միասնական պլատֆորմ»,- կարծում է Լեւոն Զուրաբյանը` հավելելով. «Կան նաեւ հավաստիացումներ, որ միջազգային հանրությունը օգնելու է, որ այդ պլատֆորմը ընդունվի»:

Հավաստիացումների շարքում նա թվարկեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկու «հետեւողական աշխատանքը», ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հայտարարություն, ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին եւ ամերիկացիների`մեզ օգնելու ցանկությունը: Լեւոն Զուրաբյանն ակնարկեց, որ նաեւ հստակ պայմանավորվածություններ կան այս առիթով: «Հանրաքվեի ժամանակ ժողովուրդն իր կամքը ցույց տալով դարձավ գործոն, որի հետ միջազգային հանրությունը հաշվի է նստում»,- ասաց նա:

Դառնալով իրենց կոչին` մանրամասնեց`«Ժառանգության» հետ խոսել են. «Արմեն Մարտիրոսյանի հետ մի քանի կոնտակտներ եղել են, ես կարծում եմ, որ խնդիր չպիտի լինի: Հարցը քննարկվել է ՕԵԿ խմբակցության ղեկավարի հետ, ոտքի վրա քննարկվել է ԲՀԿ խմբակցության ղեկավարի հետ: Մեծ հաշվով բավական բարենպաստ է իրավիճակը: Դաշնակներից, ուղղակի լավ բան էլ չեմ սպասում, բայց եթե իրենք պատրաստ են միանալ կառուցողական ձեւով…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29