Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Համահայկական բանկը մեր խայտառակությունն է»

Փետրվար 17,2016 13:12

«2015 թվականը բավական դժվարին տարի է եղել Հայաստանի տնտեսության համար եւ ներքին ու արտաքին մարտահրավերներով լի: Մի շարք ծրագրեր են իրականացվել տնտեսական աճին եւ արտահանման ծավալների մեծացմանը միտված, բայց դրանք միշտ չէ, որ տվել են արդյունքներ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփելով անցած տարին`ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը`հիմնվելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալների վրա: Դրանց համաձայն, Հայաստանը 3.1 տոկոս աճ է գրանցել:

Շատերը մեր տնտեսական դժվարությունները կապում էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ՌԴ-ի դժվարությունների հետ: «Նման գայթակղություն ունեցան նաեւ միջազգային կառույցները`Հայաստանի տնտեսության համար զրո կամ բացասական աճ գուժելով»,- ասաց բանախոսը`նկատելով, որ ի հեճուկս այդ ամենի, Հայաստանն, այնուհանդերձ, տնտեսական աճ գրանցեց: «Սա բավարար չէ, մեր ներուժն ավելի մեծ է եւ երկնիշ թվով տնտեսական աճ գրանցելու բոլոր հնարավորությունները կան, բայց ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել: Հետխորհրդային երկրների մեջ, բավական լավ ցուցանիշ է»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային երկրներում հիպերինֆլյացիա եղավ, բայց մեր արժույթը պահպանեց իր դիրքերը: Ակնկալիքները, որոնք չիրականացան անցած տարի, տնտեսագետը կարծում է, որ 2016 թվական պետք է տեղափոխել. «Առաջինը պետք է սկսենք արտաքին միջավայրից`այն երկրները, որտեղ արժույթների գերարժեզրկում է եղել, ներկրել հումք, Հայաստանում վերամշակող արտադրություն կազմակերպել`ապահովելով պետության աջակցությունը, արտադրանքն ուղղել ԵՄ երկրներ եւ ԱՄՆ»:

Նման ծրագրերի պակաս Հայաստանում չկա, բայց տնտեսագետը գուժում է`պիտի երիտասարդ մասնագետներին պահենք Հայաստանում, այլապես այդ ծրագրերը կմնան թղթի վրա: Նաեւ կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

Թաթուլ Մանասերյանը նշեց նաեւ այն ոլորտները, որոնցով Հայաստանը կարող ե, այսպես ասած, ներկայանալ ԵՏՄ շուկայում. «Ինովացիոն տեխնոլոգիաների լավ շուկա կա ԵԱՏՄ երկրներում: Այդ երկրներում մեզ նայում են, որպես աջակցություն ակնկալող երկիր, բայց մենք մեր ներուժն ունենք եւ կարող ենք մատուցել: Առողջապահության ոլորտում լավ հաջողություններ ունենք, կարող ենք համակարգված ձեւով մատուցել ծառայություններ: Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն: Գյուղատնտեսության ոլորտը երկնիշ աճ է ապահովել 2015-ին, դա միայն եղանակային պայմաններով պայմանավորելը ճիշտ չէ: Որոշակի գործ է արվել, զարգացնել է պետք»,- ասաց նա:

ՀՀԿ-ՀՅԴ ձեւավորվող կոալիցիայում, Թաթուլ Մանասերյանը հորդորում է` նոր նախարարները պետք է նախաձեռնող լինեն, նախաձեռնող նախարարների դեֆիցիտ կա:

«Համահայկական բանկը մեր խայտառակությունն է, այն տարիներ շարունակ ավելի շատ ծախսում է, քան ներդրումներ է ներգրավում»,- ներդրումների ներգրավման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման մասին խոսելով`հայտարարեց Թաթուլ Մանասերյանը`հավելելով, որ ժամանակն է, որ սրան պատշաճ գնահատական տան իշխանությունները:

Թաթուլ Մանասերյանը արտասահմանյան ներդրումներով ոգեւորված չէ, քանի որ դրանք քաղաքական բնույթի են, կարծում է, որ ներքին ներդրումներ են պետք: Իր պատկերացումները` ծրագրի տեսքով, փոխանցել է պատկան մարմիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29