Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվելով վերածնունդի կամ հաջողության պատմություն՝  «Վերածնունդ»-ի առանցքում

Փետրվար 17,2016 13:02

Շիրակի հյուսիսում գարունը ուշ է բացվում. սարերի ձյունն հալվում է ապրիլի կեսերին՝ վերածնունդ բերելով լեռնային Ամասիային ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով:

Սերգո Թեմուրով. Ամասիայի 14-ամյա՝ դուդուկ նվագող բնակչին, գյուղում բոլորն են ճանաչում, ծանոթ են պատանու ե՛ւ անցած ուղուն, ե՛ւ երազանքներին, ընկերներն էլ գիտեն՝ Սերգոն որոշել է մեծ երաժիշտ դառնալ ու արդեն չեն նեղանում, երբ մեծ դուդուկահար դառնալու երազանքով ապրող տղան, բակում խաղալու հրավերը մերժելով, քայլերն ուղղում է արվեստի դպրոց: Այստեղ է կայացել Սերգոյի ու ծիրանափողի առաջին հանդիպումը, այստեղից է, որ Սերգոն, չորս տարի առաջ, գործիքը ձեռքին ու այն ժամանակ, երբ ապրիլկեսյան վերածնունդ էր իր հարազատ գյուղի լեռներում, Սերգոն եկավ Գյումրի՝ արդեն երաժշտական, միջազգային  «Վերածնունդ»-ին մասնակցելու: Ստացած շնորհակալագիրը, տպավորություններն ու ոգեւորության մեծ ալիքը ստիպեցին պատանուն ուսումնական տարին պլանավորել ապրիլյան  «Վերածնունդ»-ի շուրջ. 2016-ը բացառություն չէ ու ոչ միայն Սերգոյի համար:

Ամասիայի մանկական արվեստի դպրոցում արդեն յոթ տարի երաժիշտ կատարողների  «Վերածնունդ» միջազգային փառատոնը իրադարձություն է, որին պատրաստվում են ողջ տարվա ընթացքում եւ բոլորը: Տնօրեն Ջեմմա Մանուկյանը հպարտորեն ցույց է տալիս փառատոնից իր սաների ստացած դիպլոմները, շնորհակալագրերն ու պատվոգրերը, հիշում 2010-ի առաջին մասնակցությունը փառատոնին.

-Դաշնամուրային բաժնի երկրորդ դասարանի աշակերտուհի Ծովինար Վարդանյանն է մեր դպրոցն առաջին անգամ ներկայացրել  «Վերածնունդ»-ին: Հաջող մասնակցությունը վարակիչ դարձավ, հաջորդ տարիներին ե՛ւ մասնակիցների թիվն ավելացավ, ե՛ւ մասնակցության վկայականներ ու շնորհակալագրերը փոխվեցին դիպլոմների: Չեմ վարանի ասել, որ  «Վերածնունդ»-ը ամեն տարի վերածնունդ է բերում նաեւ մեր դպրոցին,-պատմում է տնօրենն ու մեզ ուղեկցում փառատոնին պատրաստվող աշակերտների սենյակ:

Այս տարի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը միջազգային երաժշտական ստուգատեսին կներկայացնի վեց անհատ կատարող, 8-րդ  «Վերածնունդ»-ի նոր՝ խորեոգրաֆիկ արվեստ անվանակարգում ուժերը կփորձի դպրոցի  «Ամարաս» պարի համույթը, երգչախումբ անվանակարգում Ամասիայի ձայնը լսելի կդարձնի դպրոցի աղջիկների երգչախումբը: Ընդհանուր թվով՝ 40 մասնակից, որ դպրոցի աշակերտների թվի մոտավորապես կեսն է՝ Ամասիայից Գյումրի կգա՝ ապրելու վերածննդյան շնչով, յուրացնելու միջազգային փառատոնի միջավայրն ու անկախ գրանցած արդյունքներից հետ կվերադառնա՝ ինչ-որ նոր բան յուրացրած, բացահայտած ու վստահությամբ՝ մասնակցել նաեւ հաջորդ  «Վերածնունդին»: Սա ոչ ենթադրություն է, ոչ էլ դպրոցի տնօրենի ցանկությունը. փորձն է ցույց տվել. Ծովինարը ոգեւորել է Սերգոյին, Սերգոն դաշնամուր նվագող Զարուհուն ու Սաթենիկին, վերջիններս քանոնահարուհի Անիին ու վոկալիստ Ասյային, բոլորը միասին՝ պարավեստի բաժնի ընկերներին ու երգչախմբի աղջիկներին. փորձասենյակում խմբով, առանց հերթ տալու ութերորդ  «Վերածնունդ»-ի մասնակիցները մեզ պատմեցին, նվագեցին ու ջանք չխնայեցին ապացուցելու, որ պատրաստ են բարձր պահել նախ իրենց գյուղի ու դպրոցի, հետո նաեւ Հայաստանի անունը միջազգային փառատոնում. վերջին կետը պատվով կատարելու համար մասնակիցներից յուրաքանչուրը առավել մեծ պատասխանատվությամբ մոտենում է ազգային արվեստը ներկայացնող համարների պատրաստմանը:

Աշակերտներից ոչ պակաս ոգեւորված են նաեւ ուսուցիչները. շաբաթը մի քանի անգամ Գյումրիից Ամասիա հասնող մանկավարժները ոչ մի տարբերություն չտեսնելով գյուղի ու քաղաքի երեխաների ընդունակությունների մեջ,  «Վերածնունդը»-ը բարձր են գնահատում նախ եւ առաջ սեփական երկրում միջազգային փառատոնի մասնակցության հնարավորություն ունենալու իմաստով: Սաների ելույթներից ակնկալիքները մեծ են, զբաղեցրած տեղերից առավել կարեւոր՝ միջազգային փորձի փոխանակման եւ վարպետության դասերի անցկացման հնարավորություն ունենալը:

Ամասիայի տարածաշրջանի միակ արվեստի դպրոցում, որտեղ երաժշտական կրթություն են ստանում նաեւ հարակից գյուղերի երեխաները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժները հաջողության հասնելու բանաձեւը վաղուց են գտել. չանել պակաս, քան կարող են, երբեք չբավարարվել արդեն ունեցածով, պարգեւների ու կոչումների նկատմամբ էլ ունենալ պատասխանատվության բարձր գիտակցում: Հենց այս սկզբունքով էլ 2014-ին տնօրեն Ջեմմա Մանուկյանը ընդունեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրն ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալը: Կառավարական պարգեւների շարքում ոչ պակաս կարեւոր տեղ դպրոցն արդեն երկու տասնամյակից էլ ավել ղեկավարող տնօրենի համար զբաղեցնում է  «Վերածնունդ» միջազգային փառատոնի կազմկոմիտեի կողմից ստացած պատվոգիրը՝  «Լավագույն տնօրեն» անվանակարգում: Շիրակցուն բնորոշ հումորով ասում է՝ ամեն բան փոխադարձ է. լավագույն տնօրեն դառնում են, երբ աշակերտներն են լավը, աշակերտները լավն են, երբ տնօրենն է լավագույնը:

Հենց այսպես, փոխադարձ համագործակցային սկզբունքով ու նոր հաջողություններ գրանցելու հաստատակամությամբ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում պատրաստվում են ութերորդ  «Վերածնունդ» -ին, որ լեռնային Ամասիային վերածնունդ կբերի ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով:

Լիլիթ Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29