Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչախմբային երաժշտության՝ Միրզոյան ֆեստի շրջանակներում

Փետրվար 17,2016 12:45

Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում երգչախմբային երաժշտության երեկո էր. Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչում էին Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը: Երեկոն անցկացվում էր Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Համերգի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Տերյանական շարքից՝ «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս», «Կարծես թե դարձել եմ ես տուն» և այլն, ժողովրդական երգերի մշակումներ։

Արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Ծովինար Մովսիսյանը, խոսելով կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի մասին, նշում է, որ նա բազմազան ու բազմաժանր ստեղծագործությունների հեղինակ է՝ օպերա, բալետներ, երեք սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային, կամերային-վոկալ, խմբերգային ստեղծագործություններ: Հովհաննիսյանի ստեղծագործական տարերքներից մեկն ու ոգեշնչման աղբյուրը մարդկային ձայնն էր՝ իր ամենաբազմազան դրսևորումներով: Նրա ստեղծագործությունների շարքում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հանրահայտ երգերը՝ «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ», «Արփա-Սևան», «Հայոց լեռներում», որոնք արդեն ավելի քան չորս տասնամյակ հնչում են և հուզում ունկնդրին: «Կոմպոզիտորի երգերի հաջողության գաղտնիքն այն է, որ նա կարողացել է գտնել ժամանակի ինտոնացիոն բանալին, կարողացել է ականջալուր լինել ժողովրդի մտքերին ու ձգտումներին, քաղել երաժշտական ստեղծագործության այն ծիլերը, որոնք սկիզբ են առել ժողովրդի կյանքի ընդերքում: Հեղինակը ստեղծել է ժողովրդական երգերի տասնյակ խմբերգային մշակումներ: Նրա խմբերգերը քնարական են ու վեհաշուք, հարուստ մեղեդայնությամբ, աչքի են ընկնում բազմաձայնության ազգային դրսևորման վարպետությամբ»,- ասել է Ծովինար Մովսիսյանը:

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյանը նկատում է, որ կամերային երգչախումբն առաջին անգամ է հանդես գալիս Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում։ Հ. Թոփիկյանը բարձր է գնահատում նման փառատոնի անցկացումը Հայաստանի երաժշտական կյանքում, քանի որ այն համախմբում, կենտրոնացնում է կատարողներին, երաժիշտներին և ունկնդրին։

Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29