Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Հունանյանի նախագահությամբ շարունակվում էր «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանի (լուսանկարում) գործի քննությունը:
Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Ալինա Ավետիսյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել՝ բանակցությունների պատճառով: Սակայն, «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն նման բանակցություններից. «Չեմ ուզում ասեմ, որ չկա, ասում եմ, որ տեղյակ չենք»:
Ալինա Ավետիսյանը հայտարարեց, որ կողմը բանակցությունները վարում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի հետ:
«Ընկերության հետ բանակցություններ չեն վարվում, մենք ուրախ կլինեինք, որ վարվեին»,- հայտարարեց Սիրունյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ դեմ է դատական նիստը հետաձգել բանակցությունների հիմքով:
Դատարանը բավարարեց Ալինա Ավետիսյանի միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին:
Դատական նիստից հետո Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ տեղյակ չէ բանակցություններից. «Ինձ ընկերությունից ասում են՝ գնա դատարան մեր շահերը ներկայացրու»:
Հիշեցնենք, որ «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն պահանջում է դադարեցնել Վարդան Գերավետյանի սեփականության իրավունքը եւ հանձնել այն «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ