«6 գյուղերում մեր դիտորդների կողմից լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Մի քանի խնդիրներ կային Թումանյանի համայնքում: Առաջինը՝ հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի թեկնածուի տեղակալն էր: Համայնքի ղեկավարի թեկնածուն Թումանյանի քաղաքապետն էր: Դա արդեն շահերի բախման մասին է խոսում»,- «Մեդիա կենտրոնում» «Դիտորդների գնահատականը խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ՏԻՄ ընտրությունների դիտորդական խմբի համակարգող Հայկակ Արշամյանը:
Նա նշեց, որ համայնքի ղեկավարի թեկնածուի վստահված անձն այն անձն էր, որն իր թեկնածությունն էր դրել ու հետո հանել էր. «Նա աշխատում էր քաղաքապետարանում: Մի ուրիշ մեծ խնդիր կա, որը գնալով շատանում է մեր բոլոր ընտրական գործընթացներում: Դա որեւէ մեկի օգնությամբ քվեարկելն է: Միայն հենց Թումանյան քաղաքի ընտրությունների ժամանակ մոտավորապես 70 հոգի, որեւէ մեկի օգնությամբ, եկան եւ քվեարկեցին: Իհարկե, օրենքը դա թույլատրում է, բայց հարցն այն է, որ միայն ծեր մարդիկ չէին գալիս ուրիշի օգնությամբ քվեարկելու: Երիտասարդներ էլ կային, որոնց մասին ասում էին, թե տառաճանաչ չէին»:
Ընդհանուր առմամբ, Հայկակ Արշամյանն ընտրություններին դրական գնահատական տվեց եւ ասաց, որ ահագնացող խախտումներ չկային:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի