Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում վերջապես իրականացվեցին արդար ընտրություններ»

Փետրվար 17,2016 12:20

«Կարող եմ նշել, որ որոշակի դրական տեղաշարժ ունենք: Ես հիշում եմ մեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ համայնքի ավագանին չէր ձեւավորում, թեկնածուներ չկային եւ համայնքի ղեկավարը շահագրգռված էր իր ծանոթների միջոցով գտնել մեկին, մի գրագետ անձնավորություն, որը կարող էր նպաստել համայնքի զարգացմանը, կամ էլ թեկնածություն դներ, որպեսզի ձեւավորվեր ավագանի»,- «Մեդիա կենտրոնում» «Դիտորդների գնահատականը խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ» քննարկման ընթացքում ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը:

Նա նշեց, որ փետրվարի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում եղել է Տաթեւում եւ մրցակցություն է նկատել. «Նույնիսկ ավագանին արդեն իր ներկայացուցիչն ուներ, որը հետեւում էր  քվեարկության արդյունքներին, ընթացքին խախտումներին: Այդ իմաստով կարելի է արձանագրել, որ հետաքրքրություն է առաջացել ՏԻՄ մարմինների նկատմամբ եւ բնակավայրի մարդիկ փորձում են ներկայացուցչական մարմնում իրենց անդամն ունենալ, որը կպաշտպանի իրենց շահերը»:

Աբրահամ Արտաշեսյանն ասաց, որ բավականին բարձր է եղել մասնակցության տոկոսը. «Եթե այն ժամանակ գալիս էին միայն այն մարդիկ, որոնք կողմ էին քվեարկելու, այս անգամ թեկուզ Տաթեւը բավականին ակտիվ էր ու բոլորը փորձում էին ակտիվացնել բնակչությանը, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ իրենց կարծիքը հայտնեն թեկնածուների վերաբերյալ»:

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանն էլ կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները խոշորացման ծրագրի առաջին դրական արդյունքն էր. «Սյունիքում, վերջապես, իրականացվեցին արդար ընտրություններ: Հետաքրքիր էր, որ թեկնածուները պետք է միավորվեին, սակայն մինչեւ ընտրությանն օրը նրանք բոլորն էլ պայքարում էին»:

Սուսաննա Շահնազարյանը նշեց, որ տեղամասերից մեկում ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայն է ստացել, քան ՀՀԿ ներկայացուցիչը: Նա փաստեց, որ եթե վարչական ռեսուրս օգտագործվեր, ՀՀԿ-ն ավելի շատ ձայն կստանար. «Թե ինչպես կշարունակվեն հետագայում այս գործընթացները, դժվարանում եմ ասել, բայց, մեր կարծիքով, ընտրություններն իսկապես արտահայտեցին բնակիչների կամքը»:

Խոսելով թեկնածուների մասին՝ Գորիսի մամուլի ակումբի ղեկավարը կարծիք հայտնեց, որ նրանք հետաքրքրված մարդիկ էին, «որոնք գուցե կկարողանան ավագանու ինստիտուտն ի շահ համայնքի բնակչությանն օգտագործել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29