«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,- Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը` պատասխանելով հարցին, թե ըստ լուրերի` թերացումներ են եղել ավտոմեքենաներ ներկրելու հարցում, խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ:
Նշենք, որ խոսքը ՀՀ ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարեց, որ սա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին:
Արմեն Ալավերդյանը նաև հավելել է. «Մենք ինչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ԱԱՀ: Այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ներմուծվում է և այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, ապա երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը ու ԱԱՀ-ն»:
Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Արմեն Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»: