Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալ դեպքում էականը ոչ թե ԵՄ արձագանքն է, այլ Եվրամիությանը դիմողների մտածելակերպն ու մոտեցումը. «Հայոց աշխարհ»

Փետրվար 17,2016 10:59

«Նոր Հայաստանը» երեկ երթ էր կազմակերպել դեպի… Եվրամիության գրասենյակ: Եթե նախօրեին, օրինակ, դատարանի մոտ էին ակցիա անցկացնում, երեկ ոչ թե որեւէ իրավապահ կամ քննչական կառույցի կամ, ասենք, կառավարական շենքի մոտ իրենց բողոքի ակցիան անցկացրին, այլ, այո, հենց Եվրամիության գրասենյակ դիմեցին:

Զավեշտականը, իհարկե, այդ ընթացքում բարձրաձայնված կարգախոսն էր. «Մեր հույսը մենք ենք»: Այսինքն՝ «Նոր Հայաստանի» հույսը իրենք են, իսկ իրենց հույսի հույսը փաստորեն արտաքին ուժերը, ասենք, Եվրամիությունը:

Լավ, ԵՄ գրասենյակ թող լինի: Իսկ ի՞նչ են ակնկալում Եվրամիությունից մերօրյա արմատական հեղափոխականները: Դատելով հնչած ու նաեւ ցանցային լրահոսում շրջանառված հայտարարություններից՝ «Նոր Հայաստանը» պահանջում է, որ Գեւորգ Սաֆարյանին ազատ չարձակելու դիմաց Եվրամիությունը… պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ:

Ճիշտ է, նրանք ասում են՝ Հայաստանի իշխանությունների դեմ, բայց հասկանալի է, որ պատժամիջոցը հիմնականում երկրի դեմ է ուղղված լինում եւ, առհասարակ, եթե որեւէ պատժամիջոցից որեւէ մեկը տուժում է, հիմնականում դա ոչ թե այս կամ այն իշխանություններն են լինում, այլ հասարակությունները:

Ենթադրենք, Եվրամիության Հայաստանի գրասենյակը, խիստ ոգեւորված «Նոր Հայաստանի» այս՝ միջամտելու առիթ տվող նախաձեռնությամբ, Հայաստան-ԵՄ բանակցությունների միջնամասում, չնայելով ոչ մի բանի, իր ղեկավարությանը խորհուրդ է տալիս պատժամիջոցների դիմել:

Ենթադրենք նաեւ, որքան էլ որ դա անհավանական թվա, այնուամենայնիվ ենթադրենք, թե ԵՄ ղեկավարությունն էլ ասում է՝ OK, մի անհանգստացեք ու համարեք, որ վաղը եւեթ Հայաստանի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ են կիրառվելու: Եվ ի՞նչ, Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի կերջանկանա՞ դրանից, էլ չենք խոսում Անդրիաս Ղուկասյանի ու մյուսների մասին, չհաշված Արթուր Սաքունցը:

Բայց տվյալ դեպքում էականը ոչ թե ԵՄ արձագանքն է, այլ Եվրամիությանը դիմողների մտածելակերպն ու մոտեցումը: Այսինքն՝ բացարձակապես անկարող լինելով երկրի ներսում քիչ թե շատ համարժեք պայքար ծավալելու հարցում, այս խմբակը հնարավոր է համարում «դրսից տղա կանչել»:

Հետաքրքիր է, եթե, ասենք, հնարավորություն ունենային, է՛լ ո՞ւմ կդիմեին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով: Դեռ լավ է, որ ԱՄՆ-ին չեն խնդրում «կետային հրթիռակոծում» իրականացնել: Կարող էին, չէ՞, մի հատ էլ ԱՄՆ դեսպանատուն դիմել:

Մի կողմից, իհարկե, զավեշտական է, երբ նայում ես, թե ովքեր ու ինչով են զբաղված: Օվկիանոսային, եթե ոչ՝ տիեզերական հավակնություններ ունեցող ու մեծ մասամբ ջուր ծեծող անձինք, որ, օրինակ, շաբաթներով բանակցում-բանակցում են ՀԱԿ-ի հետ ու այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ մի հասարակ հարցում, ինչպիսին է, մարտի 1-ին միասի՞ն, թե՞ առանձին-առանձին հանրահավաք անցկացնել-չանցկացնելը: Բայց, մյուս կողմից էլ, բավական տխուր է, երբ տեսնում ես, թե ինչով են զբաղված:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29