Այս յուրատեսակ աղբյուրը գտնվում է Երեւանի ծայրամասերից մեկում՝ կոնկրետ Ներքին Չարբախում: Այն կառուցվել է անցյալ դարի 40-ականներին: Առանձնապես բարձր մշակութային արժեք չի ներկայացնում իրենից, բայց հիշողություն է: Հնաբնակները նրան Կարմիր աղբյուր անունն են տվել… Քանի-քանի՛ սիրահարներ են դրա կողքին ծածուկ հանդիպել, թաղի տղաները պայմանավորվել՝ ինչ-որ հարցի շուրջ, կամ կանայք ջուր են կրել դույլերով: Ու բարեբախտաբար, Կարմիր աղբյուրը դեռ կանգուն է, անգամ ջուր է հոսում երեք ծորակներից:
Բայց կգա մի օր, որ այս աղբյուրն էլ կխանգարի ինչ-որ ճանապարհի կամ նորաոճ շինության, ու այն կքանդվի, ու էլի կմխիթարվենք միայն հայտնի երգի տողերով. «Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մենք ենք, Երեւանն անկեղծ սիրելը չգրված օրենք է»: Ցավոք, վերջին տարիների զարգացումները միայն քանդումի տրամաբանության մեջ են, մանավանդ Երեւանում այլ չգրված օրենքներ էլ կան, ասենք՝ ուժի եւ շահի օրենքը, որի արդյունքում Հին Երեւանը ոչ թե նահանջել է, այլ ուղղակի գոյություն չունի: Նրա վերջին բեկորները հանրային գերակա շահի համատեքստում ջնջվում են երկրի երեսից:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2016