Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի ակտիվիստների դեմ դատական հայց ներկայացնելով՝ ցանկանում են սաստել նրանց

Փետրվար 17,2016 16:30

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի կարծիքով՝
փորձում են ամեն կերպ՝ հոգեբանորեն, նյութապես, ճնշել, բայց չի ստացվի

Վարչական դատարանը սկսել է քննել ՀՀ ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մի շարք ակտիվիստների դեմ բերված վարչական հայցերը: Այս գործերը հիմնականում անցնում են նույն հոդվածով: Ոստիկանությունը պահանջում է ակտիվիստներին պատասխանատվության ենթարկել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Այդպիսի երկու հայցեր էլ ոստիկանությունը ներկայացրել է «Ոչ թալանին» նախաձեռնության ամենաակտիվ անդամներից մեկի՝ Մաքսիմ Սարգսյանի դեմ, որոնք վերաբերում են սեպտեմբերի 1-ին եւ 12-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Հիշեցնենք, որ այդ ակցիաների օրերին «Ոչ թալանին» նախաձեռնությունը մի քանի մամուլի հաղորդագրություններ էր տարածել, որոնցում հայտարարում էին, որ իրենց ակցիաները բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն ակցիաների ընթացքում բազմաթիվ անձինք ձերբակալվեցին:

Մաքսիմ Սարգսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ օրերին իրենց ապօրինաբար են բերման ենթարկել եւ հիմա պարտավոր են օրենքի տառը պահել. «Օրենքն էլ նախատեսում է, որ եթե բերման են ենթարկել, պետք է դատարան դիմեն, որպեսզի ապացուցվի մեր մեղքը: Ապօրինաբար բռնել տարել են: Բոլորս էլ գիտենք, որ իրենք չունեին դրա իրավունքը, քանի որ օրենքով սահմանված է, որ քանի դեռ ակցիան խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին»:
Ըստ նրա՝ ոստիկանությունը չի էլ հերքել, որ հավաքը խաղաղ է եղել, եւ այդ մասով ապացուցման բեռ որեւէ մեկի վրա չի դրվել. «Իսկ սեպտեմբերի 1-ի մասով նրանց բերած հայցի ապացուցման բեռը դրվել է իրենց վրա: Որպես ապացույց տեսանյութ են ներկայացրել, որը ես դեռ այս պահին չեմ տեսել, փաստաբանս է ուսումնասիրում: Հաջորդ դատական նիստին մեր կարծիքն ու դիրքորոշումը կհայտարարենք»:

Maqsim_Sargsyan-2
Մաքսիմ Սարգսյանը կարծում է, որ ոստիկանությունը նման կերպ փորձում է կողքի մարդկանց, որոնք դատական գործեր չունեն, ցույց տալ, որ եթե իրենք էլ պայքարեն, իրենց հետ էլ նման բաներ կլինեն. «Բնականաբար, մեզ էլ են փորձում սաստել: 50.000 տուգանք վճարելն այսօր բոլորի համար էլ ազդեցիկ գումար է: Փորձում են ամեն կերպ՝ հոգեբանորեն, նյութապես, ճնշել, բայց չի ստացվի, որովհետեւ նման բաներով չի, էլի, որ պետք է կոտրեն մարդկանց»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը նշեց, որ ամսական մինչեւ 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործողներին կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիան ուղղակի փաստաթղթային բնույթ է կրում, որովհետեւ «մի փոքր սենյակում հեռուստացույց եւ երկու հասարակ կենցաղային իր օգտագործելիս արդեն այդ 250 կիլովատտն անցնում է»:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ առայժմ նոր քայլեր նախատեսված չեն, որովհետեւ ՀԷՑ-ում բաժնետոմսերի փոխանցման գործընթացն է գնում. «Հաշվիչներն են փոխում, էլեկտրիկներին են աշխատանքից ազատում եւ այլն: Մինչեւ չհասկանանք, թե վերջնական նպատակն ինչ է եւ ուր է տանելու, այս պահին հոսանքի թանկացման հետ կապված քայլեր չենք պլանավորում, որպեսզի հետագա պայքարն էլ ճիշտ կառուցված լինի»:

Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերում, մինչեւ գործարար Սամվել Կարապետյանի գնելը, թալան է եղել. «Բազմիցս ենք խոսել, մինչեւ նախարարի մասշտաբով էլ: Եթե նախարարը հայտարարում է, որ գողություն է եղել, հետո կանգնում ու ասում է, որ դա ոչ ուղիղ իմաստով է ասել: Եթե որեւէ մեկը կբացատրի գողության ոչ ուղիղ իմաստը, ես ներողություն կխնդրեմ, բայց գողությունը, իմ իմանալով, մեկ իմաստ ունի: Այդքանից հետո ՀԷՑ-ի սեփականատերերի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, այլ ուղղակի վաճառվում է կազմակերպությունը»:

Ըստ նրա՝ հիմա սեփականատերը հայ է, որը ֆինանսապես բավականին կայացած է. «Ու եթե ժողովրդի մասին մի քիչ մտածող մարդ լինի, կէժանացնի, որովհետեւ ՀԷՑ-ը բարեխիղճ տնօրինելու դեպքում թիվն անգամ նախկին գնից կարող են իջեցնել: Պարզապես ցանկություն է պետք: Իսկ թե ինչ կանի Սամվել Կարապետյանը՝ կտեսնենք հետագայում»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29