Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հավանական արկածները Մյունխենում, Նալբանդյանի լռությունն ու ԱՄՆ-ի պատիժը

Փետրվար 17,2016 16:00

Հայկական դիվանագիտության պասիվությունը Մյունխենում

Փետրվարի 12-14-ը Մյունխենում կայացավ անվտանգության 52-րդ համաժողովը, որին ներկա էին շուրջ երկու տասնյակ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, քառասուն պետությունների արտգործնախարարներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովին Հայաստանը մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, իսկ Ադրբեջանը` նախագահի մակարդակով:

Մյունխենի համաժողով Ալիեւի մեկնումն ուղեկցվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճով, եւ դա սպասելի էր: Ալիեւը բոլոր կարեւոր գագաթնաժողովներից առաջ համապատասխան մթնոլորտ է ձեւավորում, որպեսզի իր ելույթներն ուղեկցվեն ղարաբաղյան պատերազմի բռնկման վտանգի մասին հստակ ուղերձով: Ալիեւն այս համաժողովում էլ խոսել է այն ամենի մասին, ինչ մշտապես է ասում. «Օկուպացիային պետք է վերջ տրվի: Տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր պայմանը ադրբեջանական հողերի ազատումն է…» եւ այլն:

Մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարարը Մյունխենի համաժողովում ելույթ չի ունեցել, նա մի շարք հանդիպումներ է ունեցել: Նալբանդյանը, մասնավորապես, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության` անդրադառնալով բանակցային գործընթացին` Նալբանդյանն ընդգծել է. «Արհամարհելով միջազգային հանրության հասցեական կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի հաստատման եւ ամրապնդման եռակողմ համաձայնագրերը, հրաժարվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, փորձեր ձեռնարկել` տեղափոխելու հիմնահարցի կարգավորման քննարկումներն այլ ձեւաչափեր, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի քննադատությունը։ Այս ամենը վկայում է, որ Բաքուն անում է ամեն ինչ՝ խաթարելու համար կարգավորման գործընթացը։ Ավելին՝ ադրբեջանական կողմի այդ գործողությունները, ինչպես նաեւ համանախագահների հետ հանդիպումից հրապարակային հրաժարումը նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը, ինչին մշտապես դեմ են հանդես գալիս համանախագահ երկրները եւ Հայաստանը»։

Նալբանդյանը հանդիպել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին եւ նրա հետ քննարկել ԼՂ խնդիրը: Զրուցակիցները կարեւորել են վերջին տարիներին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ «Հայաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներին: Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորյա Նուլանդը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թե ինչու Մյունխենի համաժողովին չմեկնեց Սերժ Սարգսյանը՝ սա, թերեւս, քննարկման այլ թեմա է, սակայն հարկ է նկատել, որ նույն համաժողովին Ռուսաստանի նախագահի բոյկոտը եւս մեկ անգամ շեշտեց Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կապը, որի արդյունքում մենք միջազգային կառույցներում արդեն ոչ մեկ անգամ ենք խնդիրներ ունեցել: Վերջին ամենաթարմ օրինակը ԵԽԽՎ-ում հակահայկական երկու զեկույցներն էին, որոնցից մեկի ընդունումը հնարավոր դարձավ կանխել ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների շնորհիվ` քաղաքական որոշման արդյունքում:

Բայց պաշտոնական Երեւանը ունի արդարացում, թե ինչու արտաքին քաղաքական ոլորտի հաջողությունները տեսանելի չեն: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2015թ. ամփոփիչ մամլո ասուլիսում կրկնեց իր` բազմիցս նշած միտքը. «Դիվանագիտությունը սառցալեռան է նման. այն, ինչ արվում է, դրա մեծ մասը չի երեւում», ինչպես նաեւ խորհուրդ տվեց դիվանագետների վրա քար չշպրտել, քանի որ, ըստ նրա, դա հակառակորդի դիմաց կանգնած զինվորի վրա քար շպրտելու նման անբարոյական է, որովհետեւ դիվանագետը նույն զինվորն է արտաքին ասպարեզում:

Արժե՞ր Մյունխենի համաժողովին ներկայանալ ԱԳ նախարարի մակարդակով, այն էլ` ելույթ չունենալ ու չպատասխանել Ալիեւի ելույթներին՝ այն համոզմամբ, թե միեւնույն է` ողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ էլ գիտի, Ալիեւին էլ… Գիտեն, բայց դա բոլորովին չի խոչընդոտում, որպեսզի եվրոպացի պատգամավորները հակահայկական զեկույցներ մշակեն ու փորձեն խցկել դրանք միջազգային կառույցների օրակարգեր:

ԱՄՆ-ի ձեռքը` ղարաբաղյան զարկերակի վրա

Օրերս ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ջեյմս Քլափերը հանդես է եկել ամենամյա զեկույցով, որում անդրադարձել է նախկին ԽՍՀՄ տարածքում ծագած հակամարտություններին: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015-ին մնացել է բարձր: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016-ին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում եւ Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրում է Ջ. Քլափերը:

Ինչպես նկատում ենք, ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրենը հստակ ընդգծել է այն պատճառները` Ադրբեջանի վերազինումը եւ տնտեսական խնդիրները, որոնք մեծացնում են ԼՂ-ում հակամարտության բռնկման հավանականությունը: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Վաշինգտոնը շեշտել է նաեւ Բաքվի կողմից ԼՂ խնդրի վերաբերյալ պահանջներից հրաժարվելը:

Ըստ էության, ԱՄՆ-ը հստակ ցույց է տվել Ալիեւի ռեժիմի ապակառուցողական դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, պաշտոնական Բաքվին է մատնանշել՝ որպես ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը խոչընդոտող միակ պատասխանատու կողմ:

Պաշտոնական Վաշինգտոնն ակնհայտորեն վերջին ամիսներին շարունակում է ԼՂ խնդրում Ալիեւի քաղաքականության վրա լույս սփռելու քաղաքականությունը: Դրանք իրականացվում են հետեւողականորեն՝ բոլոր շերտերում, եւ դա է պատճառը, որ վերջին շրջանում Ադրբեջանում բավական մեծ թափով ընթանում է հակաամերիկյան քարոզչություն:

Օրերս նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեց խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում «Ազատության» հայկական ծառայության խնդրանքով անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սթոլթենբերգը մի քանի անգամ շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է. «Ես կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ կողմերը կամք եւ զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»։ «Ազատության» հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ԼՂ գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան չի տվել. «Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում զարգացումներին։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են, եւ մենք երկու երկրների հետ համագործակցությունը շատ բարձր ենք գնահատում»։

Բաքուն ամերիկյան հետքեր է փնտրում ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հանձնարարել է Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցներին ուսումնասիրել այն դերակատարությունը, որ ունեցել է ԱՄՆ պետդեպարտամենտը, մասնավորաբար պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի` ԵԽԽՎ-ում քվեարկության դրված հայտնի բանաձեւի տապալման գործում: Օրերս այս մասին Բաքվում Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստյոմի հետ անցկացրած համատեղ ասուլիսում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանի դեսպանությունն այժմ ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի եւ Սպիտակ տան հետ: Երբ հստակ արդյունքներ լինեն, հանրությունը մանրամասնորեն կիրազեկվի դրանց մասին»,- ասել էր նա։

ԵԽԽՎ-ում «Հայաստանի կողմից ԼՂ-ի եւ հարակից ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին» ձեւակերպումներ պարունակող երկու բանաձեւերից մեկի տապալման գործում Վիկտորյա Նուլանդի ունեցած ակտիվ դերակատարության մասին օրեր առաջ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել էր Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Թե՛ այդ տարածաշրջանով զբաղվող դեսպաններից մեկը, ում հետ ես խոսել եմ քվեարկությունից առաջ, եւ թե՛ Վիկտորյա Նուլանդը ակտիվորեն աշխատում էին այդ բանաձեւի ընդունման դեմ: Որքանով ինձ է հայտնի՝ պայքարը բավական թեժ էր: Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ այդ բանաձեւը պարտվեց: Այնտեղ, իհարկե, կար նաեւ երկրորդ բանաձեւը, որ վերաբերում էր տարածաշրջանում ջրի օգտագործմանը: Այդ մի բանաձեւը եւս բավական վնասակար ձեւակերպումներ էր պարունակում եւ ընդունվեց: Բայցեւայնպես՝ կարող եմ արձանագրել, որ առավել ապակառուցողական փաստաթուղթը պարտվել է»,- նշել էր Շիֆը:

Նկատենք, որ փետրվարի սկզբին Մամեդյարովը ծիծաղահարույց էր որակել ԵԽԽՎ-ին ղարաբաղյան կարգավորման միջնորդների դիմումը: «Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից»,- ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով. «Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է»: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձեւերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն հրապարակեցին, որում ԵԽԽՎ-ին կոչ արեցին չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններին։

Այժմ պաշտոնական Բաքուն լծվել է այս հարցում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի դերակատարության ուսումնասիրության գործին:

Սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց Բաքվի հարցադրմանը, բայց չհստակեցնելով Վիկտորյա Նուլանդի դերակատարությունը ԵԽԽՎ հակահայկական բանաձեւի ձախողման հարցում. «ԱՄՆ-ը հարգում է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը բարձրաձայնելու տարածաշրջանային եւ միջազգային կառույցներում: Կողմերի համար ընդունելի բանակցությունների ձեւաչափը Մինսկի խումբն է: Հուսով ենք, որ կողմերը հավատարիմ կլինեն խաղաղ կարգավորմանը եւ կշարունակեն սերտ համագործակցությունը միջնորդների հետ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29