Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում շները բարեկամից վերածվել են թշնամու

Փետրվար 17,2016 15:30

Ներկայումս թափառող շների վերացման խնդիրը օրակարգային է աշխարհի որոշ երկրների եւ մասնավորապես՝ Հայաստանի համար: Եվրոպական եւ ընդհանրապես զարգացած երկրները նման խնդիրներ չունեն։ Այդ կատեգորիայի երկրներում, քաղաքներում ընդհանրապես թափառող շներ, որպես այդպիսին, չկան, եւ չես հանդիպի։ Մեզ մոտ՝ մայրաքաղաքում, հատկապես նրա արվարձաններում դրանց քանակը տարեցտարի ավելանում է: Խորհրդային տարիներին մայրաքաղաքում, նրա արվարձաններում, քաղաքի մոտակայքի գյուղերում նույնպես թափառող շներ չկային։ Թափառող շներին այդ տարածքներում վերացնելու համար գոյություն ուներ «շուն բռնող կաչկա»։ Դա մեկ ձի լծած սայլ էր, որի մեջ տեղադրված էր խոշոր արկղ եւ բացվող վերնամասում՝ խոշոր դռնակ-կափարիչ: Սայլակը մոտենում էր մոտակա շանը կամ շներին։ Շուն բռնողն իջնում էր սայլակից, ձեռքի շատ երկար ձողով, որի ծայրին ամրացված էր մետաղյա մի կողմը բացվող եւ փակվող օղակի կեսը։ Արհեստավարժ շուն բռնողը դեռեւս հեռվից մոտենալով շանը՝ այն արագ գցում էր շան վիզը, ձգում ձեռքի մոտի պարանի ծայրը, եւ օղակը փակվում էր շան վզին։ Նա այն բարձրացնում եւ գցում էր արկղի մեջ։ Այսպես ամբողջ օրը շրջում էր փողոցից փողոց, թաղից թաղ, եւ երբ արկղը լցված էր, սայլն ուղղվում էր Հրազդանի ափի սպանդանոց։ Այստեղ շներին մորթում, մաշկահան էին անում, ապա միսն ուղարկում կենդանաբանական այգի, իսկ մորթին-կաշին մշակում եւ դրանցից պատրաստում էին նուրբ ձեռնոցներ, այլ իրեր: Վերջերս մեր հարեւան պետությունը սպորտային խաղերի առիթով երկրի մայրաքաղաքում վերացրեց թափառող շներին, պարզապես հրազենով կրակեց՝ չնայած այդ երկրի եւ քաղաքի բնապահպանների, կենդանասերների միահամուռ անհամաձայնությանը: Ասենք նաեւ՝ կան ժողովուրդներ, որոնք շներին մորթում եւ միսն օգտագործում են սննդում։ Շների սպանդը համարվում է օրինական։ Մեր «շնասերները», նաեւ կենդանասերները մեծ մտահոգություն ունեն թափառող շների այդօրինակ վերացման առնչությամբ։

Նշենք, որ Երեւան այցելած կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետների առաջարկությունը շների ստերիլիզացիան (ամլացում), ապա եւ համարակալումը, ոչ միայն չափազանց թանկ հաճույք է, այլ նաեւ ոչ այնքան արդյունավետ:

Նկատենք, որ մեր փողոցներում թափառող շատ շներ դարձել են ագրեսիվ եւ մարդու բարեկամից վերածվել են նրա թշնամու։ Երբեմն քաղցած շունը կարող է հարձակվել մեծահասակների, երեխաների վրա: Այսօրվա պայմաններում, երբ երկիրը բավականաչափ գումար չունի քաղաքակիրթ եղանակով թափառող կենդանիների հարցը լուծելու, նրանք մարդկանց համար դառնում են սպառնալիք՝ իրենց գոյությամբ աղտոտելով քաղաքի, բնակավայրի փողոցներն ու մայթերը եւ տարածելով մարդու համար շատ վտանգավոր հիվանդություններ՝ կատաղություն, ճիճվային, քոս, խուզող մրմնջուկ:
Բացի այդ, հաշվի առնենք, որ նրանց քանակը մշտապես համալրվում են ոչ ստերիլիզացված շներով։

Էգ շունը վաղ սեռահասունանում է, արդեն 200-240 օրականում նա կարող է ձագեր տալ, որոնց քանակը հասնում է մինչեւ 18-ի: Արու շները սեռահասունանում են քիչ ուշ՝ 10-12 ամսականում։ Էգ շան մոտ հղիությունը տեւում է 58-65 օր։
Շները բավականին երկարակյաց են եւ ապրում են մինչեւ 18 տարի:

Մեր երկրում, քանի դեռ բավականաչափ միջոցներ չկան այդ հարցը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու, չկան անասնաբույժներ, որոնք մշտապես պետք է զբաղվեն այդ ամլացման գործընթացով, մենք մշտապես պետք է մայրաքաղաքի փողոցներում հանդիպենք կեղտոտ, գզգզված մազածածկով եւ մեր առողջությանը սպառնացող շնաոհմակների: Իսկ նման պարագայում մնում է միայն մեկ եղանակ՝ թափառող շներին մայրաքաղաքից վերացնել:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Շրջակա միջավայրի անվտանգության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

Պարոն Ավագյանի կարծիքը չենք կիսում: Մեր երկրում թափառող կենդանիներին վնասազերծելու եւ ստերիլիզացնելու մրցույթը շահած «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը վերջին 7-8 տարիների ընթացքում թափառող շների հիմնախնդիրները լուծելու համար պետությունից գրեթե չորսուկես միլիոն դոլար է ստացել, սակայն քաղաքակիրթ ճանապարհով կենդանիների խնդիրն այդպես էլ չի լուծվել:

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29