Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորի փախուստի գործով պատիժ նշանակվեց տուգանքը

Փետրվար 17,2016 15:00

Դատարանը հաստատված համարեց այն, որ «Քրեակատարողականի աշխատակիցներն անթույլատրելի կապի մեջ մտնելով Ս. Գաբրիելյանի հետ, նրա իսկ առաջարկով
օգտվել են հանձնուքներով նրան փոխանցված սննդամթերքից,
իսկ ժամը 22-ի սահմաններում միասին ընթրել են»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Օհանյանի, Ռազմիկ Ղաբուլյանի եւ Մեսրոպ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը, հրապարակվել է դատավճիռը:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Սամվել Օհանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքը` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով։

Ռազմիկ Ղաբուլյանի տուգանքը 300.000 ՀՀ դրամի չափով էր, իսկ. Մեսրոպ Մարտիրոսյանինը՝ 350.000 ՀՀ դրամի։ Երեքի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը չբացակայելու մասին:

Նրանք, որոնք արդեն իսկ ազատվել են աշխատանքից՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնից, անփութություն են դրսեւորել եւ կալանավոր Սուրեն Գաբրիելյանը փախել է: Վերջինս 2014թ. մարտի 20-ից կալանքի տակ էր գտնվում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Առողջության վատթարացման աատճառով Սահակ Գաբրիելյանը 2014թ. մայիսի 20-ին բուժման ենթարկվելու համար տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունք։

2014թ. սեպտեմբերի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի թիվ 258 հրամանով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի պահակակետում ծառայության են նշանակվել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ Ռազմիկ Ղաբուլյանը եւ Մեսրոպ Մարտիրոսյանը։ Դատարանում պարզվեց, որ նրանք հրահանգավորվել են քրեակատարողականի պատասխանատու Ա. Մոսինյանի կողմից եւ մեկնել «Նորք» կլինիկական հիվանդանոց՝ պահակակետի հերթապահությունն ընդունելու համար։ Սամվել Օհանյանը պահակախմբի ավագն էր։

Դատարանը հաստատված համարեց այն, որ «Քրեակատարողականի աշխատակիցներն անթույլատրելի կապի մեջ մտնելով Ս. Գաբրիելյանի հետ, նրա իսկ առաջարկով օգտվել են հանձնուքներով նրան փոխանցված սննդամթերքից, իսկ ժամը 22-ի սահմաններում միասին ընթրել են»։

Փախուստի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Ռազմիկ Ղաբուլյանը խմբի ավագից թույլտվություն է խնդրել հանգստանալու համար հեռանալ հիվանդասենյակի հարեւանությամբ գտնվող մեկ այլ սենյակ: Հեռացել է:

Ս. Օհանյանը բանալիով ներսի կողմից փակել է հիվանդասենյակի մուտքի դուռը, բանալին պահել գրպանում։ Դատարանում տրված ցուցմունքի համաձայն, տեսնելով, որ կալանավորը քնած է, Մեսրոպի հետ զրուցել է, ապա քնով անցել. «Արթնացել են այն պահին, երբ մյուս սենյակից վերադարձած Ռազմիկ Ղաբուլյանը, դուռը բացելով, մտել է հիվանդասենյակ։ Վերջինիս ինքնուրույն մուտք գործելը հիվանդասենյակ՝ զարմացրել է Սամվել Օհանյանին, քանզի դռան փականի բանալին գտնվել է նրա գրպանում, սակայն հաջորդ պահին նկատել են, որ դռան փականում՝ ներսի կողմից, մեկ այլ բանալի է գտնվում։ Նետվել են կալանավորված անձի մահճակալի մոտ եւ տեսել, որ թեեւ ծածկոցի դիրքը եւ դրա տակ հատուկ ձեւով տեղադրված վերմակն ու բարձերը պառկած մարդու տպավորություն են ստեղծել, սակայն փաստացի Սուրեն Գաբրիելյանը մահճակալից բացակայել է։ Հասկացել են, որ վերջինս փախուստի է դիմել, փորձել են նրան փնտրել հիվանդանոցի շենքում եւ բակում, բայց ապարդյուն։ Փնտրումների ընթացքում լյարդաբանական բաժանմունքի մանիպուլյացիոն սենյակի ելքի դռան հետեւում տեղադրված սառնարանի վրա հայտնաբերել են Սուրեն Գաբրիելյանի բջջային հեռախոսը»։

Լուսադեմին, ժամը 8-ի սահմաններում, փախուստի մասին զեկուցել են ղեկավարությանը։
Նշեմ, որ Սամվել Օհանյանը իրեն դատարանում մեղավոր է ճանաչել մասնակի:
Ըստ պահակախմբի ղեկավարի, Ս. Գաբրիելյանին առավոտյան այցելել է հորեղբոր որդին` բերելով բաժակների մեջ լցված պատրաստի սուրճ։ 5 րոպեով այցելել է նրա պաշտպանը։ Պաշտպանի հեռանալուց հետո էլ Գաբրիելյանին այցելել է կինը` բերելով սննդամթերք։ Կնոջից հետո կալանավորի մոտ է գտնվել սրտաբանական հիվանդանոցի բժիշկը. «Երեկոյան ժամը 21։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում Ս.Գաբրիելյանին այցելել է մոտ 35 տարեկան տղամարդ` բերելով ուտելիք, մասնավորապես` հավ եւ կապրոնե շշերի մեջ լցված թան»։ Ամբաստանյալ Օհանյանն իր ցուցմունքում, այն էլ դատարանում, ասաց, որ առավոտյան արթնանալով՝ զգացել է թուլություն, գլխապտույտ։ Նա չբացառեց, որ «այդ ամենը կարող էր առաջանալ Գաբրիելյանի կողմից իրենց հյուրասիրված թանն ըմպելու հետեւանքով, որի մեջ հնարավոր է, որ լցված է եղել քնաբեր»։ Նա հանկարծ «հիշել» էր, որ Ս. Գաբրիելյանը հրաժարվել է խմել նույն թանից։

Ամբաստանյալ Մեսրոպ Մարտիրոսյանը իրեն մեղավոր էր ճանաչել, սակայն հրաժարվել էր ցուցմունք տալուց։

Մ. Մարտիրոսյանը 2014թ. նոյեմբերի 5-ին Հատուկ քննչական ծառայությունում որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, ասելով. «Լիովին ինձ մեղավոր եմ ճանաչում, քանի որ պատահականորեն ծառայության ընթացքում քնել եմ, իսկ կալանավոր Ս. Գաբրիելյանը, օգտվելով այդ վիճակից, դիմել է փախուստի»: Ռազմիկ Ղաբուլյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք էր տվել:
Նա էլ թան էր խմել կալանավորին չնեղացնելու համար։

Վկա Հասմիկ Ղազինյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում` որպես բաժանմունքի վարիչ։
Սուրեն Գաբրիելյանին ճանաչել է որպես հիվանդանոցում բուժում ստացող հիվանդի, ով շուրջ 2 տարի շարունակ գտնվել է իր պարբերական հսկողության ներքո` լյարդի ցերոզի կապակցությամբ։ Վերջինիս` կալանավորվելուց մի քանի ամիս հետո տեղեկացրել են, որ նա գտնվում է ՀՀ ԱԱԾ քրեակատարողական հիմնարկի բուժմասում, ուստի որպես խորհրդատու հրավիրել են իրեն։ Դրանից հետո մեկ անգամ հրավիրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` որպես հանձնաժողովային փորձաքննության անդամ։ Հանձնաժողովը կազմված է եղել 4-5 նեղ մասնագետներից։

Այդ չորս ամիսների ընթացքում Ս. Գաբրիելյանը գտնվել է պահակախմբի հսկողության տակ, որոնց կազմը յուրաքանչյուր օր փոխվել է։ 2014թ. սեպտեմբերի 15-ի լույս 16-ի առավոտյան, ժամը 07։30-ի սահմաններում, իրեն է զանգահարել հերթապահ բժշկուհին եւ հայտնել, որ Սուրեն Գաբրիելյանը տեղում չէ, վերջինս դիմել է փախուստի։ Սուրեն Գաբրիելյանի փախուստի վերաբերյալ որեւէ մեկի հետ չի քննարկել, իսկ նրա նկատմամբ հսկողություն իրականացնող անձնակազմը գտնվել է նորմալ ծառայության մեջ։ Հիվանդասենյակի բանալին եղել է երկուսը, որոնցից մեկը գտնվել է իր մոտ, մյուսը` բուժքրոջ։ Անահիտ Աբովյանը, որը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում բուժքույր է, դատարանում ասաց, թե դեպքի օրը՝ երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում, այցելել է Ս.Գաբրիելյանին` կաթիլային միացնելու համար։

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Զորիկ Արզումանյանը դատարանում հայտնել էր, թե «Կալանավորների սննդի եւ սնվելու հետ կապված հարցերը կարգավորում է քրեակատարողական հիմնարկը։ Եղել են դեպքեր, երբ Սուրեն Գաբրիելյանի` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում գտվելու ընթացքում այցելել է հիվանդանոց, սակայն որեւէ արտառոց դեպք չի նկատել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29