Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չպետք է լինել նույն նվագախմբի հայրը, մայրը, տատիկն ու պապիկը

Փետրվար 17,2016 14:30

Բանաձեւ՝ ըստ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) այս տարվա մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա եւս մեկ՝ «Չորս դաշնամուր» խորագրով համերգով, որի ավանդույթն անգամ անցյալ տարի է սկզբնավորվել: Համերգի ժամանակ նույն բեմում միաժամանակ 4 դաշնամուր է հանդես գալիս:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, այս տարի մասնակիցների կազմը եւ ծրագիրը մի քիչ փոփոխված է. «Որոշ բաներ կրկին կհնչեն, կլինեն նաեւ այլ ստեղծագործոթյուններ: Դա եզակի համերգ կլինի, որովհետեւ 4 դաշնամուր մեկ բեմի վրա հանդես գալը բարդ բան է մի քանի առումներով: Շատ հաճախ հնարավոր չի լինում նման համերգ կազմակերպելը, առաջին հերթին մեծ բեմ է պետք, երկրորդ հերթին՝ 4 ազատ դաշնակահար»:
Վահան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ առաջին անգամ համերգին մասնակցել էին երկու հայ, երկու ֆրանսիացի դաշնակահարներ՝ ինքը, Սվետլանա Նավասարդյանը, Տրիստան Պֆաֆֆը եւ Օլիվյե Պեյրբրյունը: Այս անգամ հանդես կգան դաշնակահարներ Գլորիա Կամպաները (Իտալիա), Տրիստան Պֆաֆֆը (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեյցարիա) եւ բնականաբար՝ Վահան Մարտիրոսյանը:

«Այս տարի մենք կկատարենք եւ Ռավել, եւ Պուլենկ, նաեւ զանազան անակնկալներ են լինելու»,-հավելեց մեր զրուցակիցը: Նշեց, որ Բախը գրել է 7 կոնցերտ մեկ դաշնամուրի համար, 3-4 կոնցերտ 2-3 դաշնամուրի համար, 1 ստեղծագործություն՝ 4 դաշնամուրի համար, որոնք բոլորն էլ կատարվել են: Երաժշտի ձեւակերպմամբ, կան բազմաթիվ նոր փոխադրումներ, որոնք չէին կատարվել եւ առաջին անգամ կհնչեն հենց Հայաստանում, այդ թվում՝ Ռավել եւ Պուլենկ:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերել երաժիշտների հետ նաեւ ծրագրի հարցում: «Երաժիշտներն իմ ընկերներն են, ծրագիրը ինքս եմ կազմել: Օրինակ, Տրիստան Պֆաֆֆը երեք անգամ, այդ թվում նաեւ նախորդ համերգի առիթով, եղել է Հայաստանում: Դիմեցի Ֆրանսուա-Գզավյե Պոազային եւ Գլորիա Կամպաներին, որոնք մեր երկրում դեռ չեն եղել, եւ երազում են այցելել Հայաստան: Իմիջիայլոց, այդ երաժիշտների հետ մենք համագործակցում ենք արտասահմանում, ու շատ լավ, ընկերական շրջապատ է ստեղծվել: Ուրախ եմ, որ հիմա նորից ընկերներով հավաքվում ենք արդեն հայաստանյան համերգի առիթով: Մի խոսքով, միտք ծագեց նորից նման համերգ նախաձեռնել: Ծրագիրը կազմեցի ու մոտավորապես որոշեցինք, թե ում որ պարտիան բաժին կհասնի, իրենք էլ սիրով համաձայնեցին: Նրանցից ոմանց հետ սովորել ենք կոնսերվատորիայում, կոնսերվատորիայից հետո բաժանվել ենք, ու ամեն մեկը աշխարհի որեւէ ծայրում իր կարիերան է վարում: Ֆրանսուա-Գզավյե Պոազան եւ Գլորիա Կամպաները հայ երաժիշտներից, Ալեքսանդր Չաուշյանից ու մյուսներից շատ են լսել Հայաստանի մասին, անչափ ուզում են տեսնել մեր Երեւանը, Արարատը, Գառնին, Սեւանա լիճը…»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Հարցրինք՝ հնարավո՞ր է արտասահմանցի դաշնակահարները հանդիպում ունենան Երեւանի կոնսերվատորիայի ուսանողների, երաժշտական դպրոցների աշակերտների հետ: ՀՊԿՆ գլխավոր դիրիժորը փաստեց, որ նրանք աշխատում են գերխիտ գրաֆիկով ու համերգի համար մի կերպ են բոլորը հարմար «պատուհան» գտել, քանի որ համերգից անմիջապես հետո նրանցից յուրաքանչյուրն այլ համերգի է մեկնելու:

«Առավոտի» հարցին՝ իր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, արդյոք իր վրա պետք է հավելյալ կազմակերպչական բեռ վերցնի, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը պետք է ունենա եւ երաժշտական ունակություն, եւ կազմակերպչական: Իսկ իմ բախտը բերել է այնքանով, որ մեր տնօրեն Նորայր Նազարյանն ինձ հետ հավասար կազմակերպչական գործով է զբաղված: Մենք երկուսով ենք այդ աշխատանքը վարում: Ինքս հաճախ Հայաստանում չեմ լինում, ամիսը մեկ եմ գալիս՝ համերգը ղեկավարում: Ու երբ հրավիրյալ դիրիժոր է գալիս, ամեն ինչ Նորայրի ուսերի վրա է լինում: Ի դեպ, «Չորս դաշնամուրի» միտքն էլ է նրանը: Երբ մենք նման նախագծով հանդես եկանք Ժնեւում՝ «Վիկտորիա հոլում», Նորայրն առաջարկեց նույնը Հայաստանում անել, իսկ ես չէի մտածել այդ մասին:

Ընդհանրապես աշխարհի բոլոր մեծանուն նվագախմբերը միայն մի հոգու վրա չեն հենվում. նրանք ունենում են ե՛ւ գեղարվեստական ղեկավար, որը արտիստիկ կողմն է ապահովում, ե՛ւ գլխավոր տնօրեն, ադմինիստրատիվ հարցերն է լուծում; Մեծագույն նվագախմբերը նույնիսկ երրորդ մարդ ունեն, որը գեղարվեստական ղեկավարի հետ ծրագրեր է կազմում, սոլիստներ ընտրում: Դա շատ կարեւոր բան է: Եթե ես ուզենայի լինել մի նվագախմբի գեղարվեստական ղեկավար հայկական հասկացություններով, ապա պետք է լինեի այդ նվագախմբի պապան, մաման, տատիկը, պապիկը, իսկ դա իմ ֆունկցիան չէ: Դրանով ես ինքս ինձ կաղքատացնեի, որովհետեւ ուրիշ տեղ չէի աշխատի, ուրիշի հետ չէի շփվի, կապրեի մեկ ընտանիքի մեջ, ինքս չէի զարգանա, եւ նվագախումբը չէր զարգանա: Վատ է, երբ նվագախումբը սովորում է միայն մեկ ձեռագրի եւ մեկ հոգու: Դրա համար հրավիրում եմ ուրիշ դիրիժորների, որոնք չունեն այն, ինչ ես ունեմ, բայց ունեն այն, ինչ ես չունեմ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29