Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Քոչարը նաեւ օպերա կբեմադրի

Փետրվար 17,2016 14:00

Հայաստանյան իրականությունում հաճախ է պատահում մեծ աղմուկ ոչնչից: Օրինակ, նման աղմուկ եղել է, երբ ժամանակին կինոռեժիսորներ Դեֆիրելին, Անտոնիոնին, Վիսկոնտին, Կոնչալովսկին, Ստուրուան համաշխարհային օպերային գրականության նմուշներ են բեմադրել: Հիմա էլ նույն համատեքստում շրջանառվում է ճանաչված կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի անունը: Ըստ լուրերի, նա պատրաստվում է Ազգային օպերային թատրոնում իրականացնելու օպերային բեմադրություն: Երեւանում առայսօր միակ կինոռեժիսորը, որ բեմադրել է օպերա (Չայկովսկու «Եվգենի Օնեգինը»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ), Վիգեն Չալդրանյանն է: Ինչ վերաբերում է Ռուբեն Քոչարին, նա ոչ միայն երաժշտական ֆիլմերի, այլեւ Հայաստանում առաջինը եւ մինչ օրս միակն է (ըստ մեր տեղեկությունների), որ իրականացրել է ֆիլմ-բալետներ:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Քոչարը հիշեց, որ իր առաջին ինքնուրույն աշխատանքը ճանաչված օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին նվիրված ֆիլմն էր (1980թ.), հետո արվեստագետն անցել է վավերագրական ու խաղարկային ֆիլմերի: Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե 2015թ. Սանկտ Պետերբուրգում կայացել է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին նվիրված իր ֆիլմի պրեմիերան, մեր զրուցակիցը հայտնեց, որ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, օգոստոսին հայ հանդիսատեսը նույնպես կդիտի այդ ֆիլմը, որը կրում է «Ավետ Տերտերյանի տունը» խորագիրը:
«Ստեղծագործական ներկապնակս, որը ընդգրկում է գեղարվեստական, վավերագրական ֆիլմեր, որոնց ճակատագրից դժգոհ չեմ, միանշանակ անավարտ կլիներ առանց երաժշտական ֆիլմերի, այդ թվում՝ «Երեւան» կվարտետի մասին (1985թ.), որը ղեկավարում էր մեծանուն Զարեհ Սահակյանցը, Արամ Սաթյանի երաժշտությամբ «Տուր ինձ թեւեր» կինոնկարի (1986թ.) եւ իհարկե՝ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով ստեղծած ֆիլմերիս՝ «Հեյ, ո՞վ կա այդտեղ» (Չիկ Կորեայի երաժշտությամբ, 1983թ.), Մալերի հնչյուններով «Հուշերի» (1984թ.), Արմեն Սմբատյանի «Լիլիթի» (1986թ.), Մալերի ու Բեթհովենի երաժշտության ծաղկաքաղով իրականացված «Համլետի» (1994թ.), եւ այլն, չմոռանամ նշել մեր «Անուշը» (1986թ.)»:

Հաստատելով մեր տեղեկությունը, թե հրավիրված է Ազգային օպերային թատրոն՝ օպերային ներկայացում բեմադրելու, կինոռեժիսորը հայտնեց, որ իսկապես, անցյալ տարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հրավերով թատրոնում է: Չնշելով, թե որ մանկական ներկայացման մասին է խոսքը, հավաստիացրեց միայն, որ մինչեւ թատերաշրջանի ավարտը, տասնամյակների դադարից հետո, օպերային թատրոնը կհյուրընկալի նաեւ մանուկներին:

«Նախորդ ամիսներին տարբեր միջոցառումներ եմ իրականացրել օպերային թատրոնում, այդ թվում՝ հոբելյաններ, վերջերս՝ հայկական բալետային արվեստի երախտավոր Վիլեն Գալստյանի 75-ամյակին նվիրված, դրանից առաջ՝ Լյուբով Կազարնովսկայայի եւ Գեղամ Գրիգորյանի մասնակցությամբ երեկոները, Ամանորի գալահամերգը եւ այլն»,- հայտնեց Ռուբեն Քոչարը:

Մեր համոզմամբ՝ Քոչարն այն կինոռեժիսորներից է, ում շուրջ 7 գեղարվեստական եւ տասնյակի հասնող վավերագրական աշխատանքները հանրությանն առանձնապես ներկայացնելու հարկ չկա, մանավանդ վերջին շրջանում երեւանյան մեծ էկրաններին էր նրա «Արահետ», «Անունս Վիոլա է» գեղարվեստական ֆիլմերը, իսկ ժամանակ առ ժամանակ մոսկովյան «Կուլտուրա» TV-ն ցուցադրում է արվեստագետի «Հերոստրատը»: Հայաստանյան TV-ները, սակայն, չեն անդրադառնում Քոչարի ֆիլմերին: Այս առիթով մեր զրուցակիցը հայտնեց. «Այսօր մեր TV-ները իրենք են արտադրում, հետեւաբար՝ իրենք էլ ցուցադրում: Մեզ մոտ դեռ բացակայում է դիստրիբյուտորական ինստիտուտը: Ընդ որում, վերջինիս շնորհիվ է, որ ֆիլմերս ցուցադրվում են եվրոպական եւ ամերիկյան երկրներում (դրանց մեծ մասը մրցանակներ են շահել հեղինակավոր մրցույթներում ու փառատոներում): Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մեծ Բրիտանիայի Ուելս նահանգի հոգեւոր կենտրոնի աջակցությամբ ստեղծված ֆիլմս՝ «Հայերի բարեկամները», իսկապես մեծ արձագանք ունեցավ Եվրոպայում»:

Անդրադառնալով երաժշտական ֆիլմերին, Ռուբեն Քոչարը հավաստիացրեց, որ միանգամից մի քանի ֆիլմ է ձեռնարկել, որոնք կներկայացնեն հայկական մշակույթի արժանավորներին՝ Գեղամ Գրիգորյանին, Վիլեն Գալստյանին, Ռուդոլֆ Խառատյանին եւ Թովմաս Պողոսյանին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Խորհրդային տարիներին մեր կինոռեժիսորները նկարահանել են 4 հայկական ֆիլմ-օպերա, այդ թվում՝ Ա. Մանարյանը՝ «Կարինեն», Մ. Վարժապետյանը՝ Տիգրանյանի «Անուշը»:

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29