Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ ենք ուզում բարի գործեր անել՝ ծառայությունը վարակիչ է

Փետրվար 17,2016 13:00

Այս պատմությունը լսեցի Մոսկվայում ծառայող մի ռուս քահանայից: Տեսեք, թե մի մաթեմատիկոս երիտասարդ ինչպես վարակեց մարդկանց բարի գործեր անելու համար: Մի անգամ եկեղեցական ընդհանուր աղոթքից առաջ այս քահանային է մոտենում մի երիտասարդ ու արտոնություն հարցնում արարողությունից հետո համայնքին մի կարճ ուղերձով դիմելու: Ճանաչելով երիտասարդին ու իմանալով, թե ինչի մասին է խոսքը, քահանան արտոնում է: Արարողությունից հետո երիտասարդը դիմում է մարդկանց ու ասում: «Ես մաթեմատիկա եմ դասավանդում դպրոցում ու ազատ ժամանակս էլ այստեղ-այնտեղ երաժշտություն եմ նվագում ու այսպես վաստակում իմ հացը: Ամեն կիրակի եկեղեցի եմ գալիս, բայց բարի գործեր չեմ անում: Այսօր որոշեցի փոխել դա: Եթե ձեր ընտանիքներում կան երեխաներ, ովքեր թույլ են մաթեմատիկայից, ես մեծ ուրախությամբ կհանդիպեմ իրենց հետ շաբաթը մեկ-երկու անգամ ու անվճար կօգնեմ մաթեմատիկայի հարցերում: Ահա իմ հեռախոսի համարը ու թե ինչպես կարող եք կապվել ինձ հետ»,- ասում է երիտասարդը: Մարդիկ շնորհակալական հայացքներով նայում էին նրան ու դեմքով արտահայտում իրենց երախտիքը:

Հանկարծ ժողովրդից մի քանի մարդ մոտեցան ու ասացին. «Մենք էլ ենք ուզում բարի գործեր անել»: Մեկն ասաց, որ կարող է անվճար օտար լեզուներ սովորեցնել: Մյուսն ասաց, որ ազատ ժամանակ ունի եւ կարող է մարդկանց տներում անվճար գործ անել, իսկ մեկ ուրիշն էլ ասաց, որ մեքենայով է գալիս եկեղեցի եւ մեծ ուրախությամբ մի քանի մարդ հետը կարող է բերել-տանել, հատկապես, եթե իրենց թաղամասից են:

«Մենք էլ ենք ուզում բարի գործեր անել»… Գեղեցիկ է հնչում, չէ՞… Մեր քրիստոնեական հավատքն առանց բարի գործերի արդեն հավատք չէ, այլ մեռած գիտություն է: Ի՞նչ օգուտ ունի հավատքն առանց բարի գործերի ու ծառայասիրության: Եթե դուք միայն հավատում եք, ապա Սատանան ավելին է անում: Նա հաստատ գիտի, որ Աստված կա ու խոսել է Աստծո հետ:

«Հավատը դատարկ բան է առանց գործերի»,- գրում է Հակոբոս առաքյալը (2:20):
Միայն հավատալը բավարար չէ: Պետք է բարի գործեր անել: Պետք է ծառայել Աստծուն: Պետք է ծառայել այն մեծ ընտանիքին, որի զավակն ես դու: Դու ընտանիքի Հորն ասում ես «Հայր Մեր», հետեւաբար դու քո ընտանիքում քո Հոր պես պիտի մտածես՝ սիրես քո քույրերին ու եղբայրներին ինչպես քո անձը ու հոգ տանես նրանց համար: Այն ժամանակ քո հավատքն իսկապես շատ պտուղներ կտա, իսկ բարիքն ու սերը քո անձից կտարածվեն քո ընտանիքում, մարդկանց մեջ, քո բակում, մեր հայրենիքում, ամբողջ աշխարհում: «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, – ասում է Աստված,- որովհետեւ նա լի է տառապանքով»։ (Ես 40:1-2) Հիշի՛ր քո քրիստոնեական պարտականությունը՝ լույս ու աղ լինել մարդկանց համար: Քաջալերիր ու ոգեւորիր քո ընկերներին: Հասցրու նրանց Աստուծո Խոսքը, որպեսզի հույսով լցվեն ու փոխեն իրենց կյանքերը տառապանքից դեպի լի ուրախություն:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/hareyanarm/

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29