Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Պատճառը եղել էր Տ.Ա.-ի ֆեյսբուքյան ծանոթությունը Ոսկեհասկ գյուղի ամուսնալուծված մի աղջկա հետ:
Վերջինիս եղբայրը, օրերս վերադառնալով Ռուսաստանից ու լսելով այս մասին, ցանկություն է հայտնել հանդիպել ու խոսել Տ.Ա.-ի հետ, որպեսզի այլեւս չգրի ու չզանգահարի իր քրոջը: Ոսկեհասկցի երիտասարդը Տ.Ա.-ին, ժամադրելով Գյումրու «Նանէ» հյուրանոցի մոտ, նրան իր մեքենայով տարել է Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մոտ՝ հարցերը պարզելու: Նրանք վիճաբանել են, որն էլ ավարտվել է հանցագործության կատարմամբ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ որպես կասկածյալ ձերբակալվել է Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Ա.Հ-ն, տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով հանցագործության դեպքի մանրամասները:
Նշենք, որ գյումրեցի 23-ամյա երիտասարդի ականջը չի գտնվել, այն կտրելուց հետո Ա.Հ-ն շպրտել է, ամենայն հավանականությամբ կենդանիները կերել են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ