Ռուսաստանում գրանցված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործով այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ էր: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ապրանքանիշը «Ա եւ Գ» ընկերությունն անօրինական ճանապարհով օգտագործում է ու այդ ապրանքային նշանով օղիներ արտադրում:
Իսկ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունն էլ իրացնում է այդ օղիները: «Պառլամենտ Դիստրիբյուշնը» պահանջում է չարտադրել ու չիրացնել իրենց ապրանքանիշով օղիներ:
«Ա եւ Գ» ընկերության ներկայացուցիչն այսօր չէր ներկայացել: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրեց՝ պարզելու, թե արդյոք «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը տեղակայված է Yerevan City սուպերմարկետների ցանցում ու զբաղվում է օղիների իրացմամբ, շարունակում է այդ օղիները վաճառել:
Ըստ փաստաբանի, հայցվոր կողմի տեղեկությունները, թե Yerevan City սուպերմարկետների ցանցում շարունակվում է այդ օղիների վաճառքը, հոկտեմբերի տեղեկություններ են, գուցե հիմա այլեւս չեն վաճառվում: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ժամանակ է պետք՝ պարզելու, արդյոք հայցվոր կողմը նշված ապրանքանիշի օրինական իրավատերն է:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օրվա մասին դատարանը կողմերին լրացուցիչ կտեղեկացնի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ