ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին ելույթը կարելի է օգտագործել որպես զենք:
«Ելույթը նման է մի զենքի, որը ես էլ կվերցնեմ իմ ձեռքը եւ բոլոր առիթներով՝ քննարկումների, հանդիպումների ժամանակ կհիշեցնեմ ՀՀԿ-ականներին՝ ասելով, թե իրենք արդյո՞ք չեն հարգում իրենց կուսակցության ղեկավարի խոսքը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր իր թիմակիցներին. «Խորքային իմաստով նշում էր իր թիմակիցներին, թե բավ է արդեն ամեն ինչ բարձրացնել վերեւ՝ ասելով, թե վերեւում որոշված է ու չենք կարող զիջման գնալ, եթե ուզում եք, որ մի բան փոխվի, պատասխանատվություն վերցրեք ու փոխեք»: Ըստ նրա այդ ելույթից մեկ ամիս հետո պարզ կդառնա արդյո՞ք իմաստային առումով ընկալվեց ելույթը, թե այն պարզապես հանրությանը շեղելու համար էր:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ընկալմամբ, նախագահի ելույթն ուղղված էր բոլորին. «Ինձ համար տարօրինակ էր ելույթի օրվա ընտրությունը: Եթե հիշում եք՝ անցած տարի փետրվարի 12-ին էր հայտնի ելույթը, որը շատ արագ հետևանքներ ու արդյունքներ ունեցավ: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նույն օրը շատ հստակ ելույթ ունեցավ: Նա անդրադարձավ սոցիալ-տնտեսական վիճակին, օրենքի առջև ոչ համարժեք պատասխանատվությանը և այլն: Եվ, եթե ամենն անկեղծ էր ասվում, շատ արագ կզգանք փոփոխություն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ անցած տարի փետրվարի տասներկուսին նախագահի ելույթը Գագիկ Ծառուկյանի մասին էր, ինչից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:
Պարոն Իսագուլյանը առաջարկեց նաեւ մոնիթորինգ անել՝ հասկանալու համար, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ ելույթը. «Պետք է տեսնենք, թե որ նախարարությունը, ինչ է արել այդ ելույթից հետո: Հասկանանք՝ տեղ հասե՞լ է ասածը, թե՝ ոչ: ՀՅԴ-ին էլ պետք է հետեւենք, տեսնենք, ինչ կփոխվի, որ Աշոտյանին փոխարինի Մկրտչյանը: Կամ` մարզպետի փոփոխությամբ ինչ կփոխվի մարզում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ