Այսօր Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտապանների առաջին ժողովն էր: Այս ժողովում պարտապանների մեծ մասը ավիաընկերության նախկին աշխատակիցներն էին, որոնք չեն ստացել իրենց աշխատավարձերը, եւ միայն մի քանիսն էին իրավաբանական անձ:
Ժողովի ժամանակ, ինչպես որ օրենքն է պահանջում, «Էյր Արմենիայի» սնանկացման գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը ամենամեծ 5 խոշոր պարտատերերից խորհուրդ կազմեց, որը պիտի սնանկացման գործին հետեւի: Ավիաընկերության խոշոր պարտատերից ֆինանսների նախարարությունն է, «ՀայԱէրոնավիգացիան» եւ «Այրոսերվիս» ընկերությունը, որոնց ներկայացուցիչները չէին ներկայացել սնանկացման գործով ժողովին: Խոշոր պարտատերերից կազմված խորհրդում ներգրավվեցին նաեւ ավիաընկերության աշխատակիցներ, որոնց աշխատավարձի պարտքը 1-2 միլիոն դրամը գերազանցել է:
Սնանկացման գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը պարտապաններին ներկայացրեց, թե ինչ ընթացքում է ավիաընկերության սնանկացման գործը: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց Ասատրյանը, սնանկության վարույթում կազմակերպվել են գույքագրման աշխատանքներ, որոնց ընթացքում գույքագրվել են գրավի առարկաները, որոնք HSBC բանկում են: Այս բանկում են գրավադրված ավիաընկերության հիմնադրի սեփականությունը՝ առանձնատունը, ավիաընկերությանը պատկանող գրասենյակն ու դրա գույքը, այդ թվում՝ նաեւ կահույքը:
Կարդացեք նաև
Ասատրյանը վստահեցրեց, որ մնացել է գույքագրել օդանավակայանի տարածքում եղած ավիաընկերության գույքը. «Սրա համար ստեղծել ենք հանձնաժողով եւ պարտատերին ծանուցել ենք աշխատանքներին մասնակցելու համար: 15-20 օրվա ընթացքում կկատարվեն գույքագրման եւ գնահատման աշխատանքները: Զուգահեռ տանելու ենք, որ սնանկացման գործն առավել արագ առաջ գնա: Մարտի կեսերին պարզ կլինի, թե՝ ընկերությունն ինչ ակտիվներ ունի, մարտի վերջին կհասկանանք ինչ արժեքի ակտիվներ ունի: Կան ընկերություններ, որոնք «Էյր Արմենիային» են պարտք, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկելու պարտքերը հետ բերելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարտապաններից մեկը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ խոսք չի գնում ընկերության առողջացման ծրագրից, որովհետեւ նախկին աշխատակիցների մեծ մասը կողմ է առողջացման ծրագրին, ուզում են, որ ավիաընկերությունն աշխատի: Այս առնչությամբ սնանկացման գործով կառավարիչն ասաց, որ մի անգամ արդեն ընկերության անունից ներկայացվել է առողջացման ծրագիր, սակայն դատարանի որոշմամբ մերժվել է. «Ես տեղյակ եմ, որ երեկվա դրությամբ եւս մեկ ծրագիր է ներկայացվել հիմնադրի անունից»: Այս ծրագիրը եւս դատարանը պիտի որոշի, թե այն կյանքի կկոչվի՞, թե՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
«Էյր Արմենիայի» մոտ 80 պարտապաններ ներկայացել էին դատարան, սակայն փոքրիկ դահլիճում հազիվ 20 մարդ էր տեղավորվել: Ժողովի մասնակիցները պահանջեցին դահլիճը փոխել, ավելի մեծ դահլիճ տրամադրել, ինչին ի պատասխան կառավարիչն ասաց, որ այդ դատարանում մեծ դահլիճ չկա: Պարտապանները հրաժարվեցին մասնակցություն ունենալ ժողովին, քանի որ մեծ մասը դահլիճից դուրս էր: Կառավարիչն ասաց, որ ըստ օրենքի, պարտապանների առաջին ժողովը պետք է, անպայման, դատարանում լինի:
«Էյր Արմենիայի» նախկին աշխատակիցները՝ պարտապանները պահանջեցին ժողովն անցկացնել դատարանի ընդարձակ միջանցքում, որտեղ էլ այսօր տեղի ունեցավ պարտապանների առաջին ժողովը: Կառավարիչը խոստացավ, որ հաջորդ ժողովը կանցկացվի այլ վայրում, որտեղ բոլոր մասնակիցների համար պատշաճ պայմաններ կլինեն:
«Էյր Արմենիայի» նախկին աշխատակիցների մի մասը նաեւ «Արմավիայի» աշխատակիցներն են եղել, եւ կրկին մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերի պարտքը: Այս անձանց եւ սնանկացման գործով կառավարիչի հետ զրույցը, եւ թե ինչ ընթացքում է «Արմավիայի» սնանկացման գործը, արդյոք աշխատակիցները հնարավորություն ունեն ստանալու իրենց միլիոնների հասնող պարտքերը՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ