Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության գործով վկան հրաժարվեց ցուցմունք տալուց

Փետրվար 16,2016 21:44

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօր հարցաքննված վկաներից մեկը սպանության օժանդակության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Հովհաննիսյանն էր: Նա, ինչպես այսօր հարցաքննված մյուս վկան՝ Լ. Ղեւոնդյանը, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, մեղադրող Պողոսյանի միջնորդությամբ էլ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական ցուցմունքի համաձայն, Արթուր Հովհաննիսյանը Արսեն Առուշանյանին ճանաչում էր դեռևս 1998-ից: Մի օր Արսենն առաջարկել է իր տաքսիով տանել Մալաթիա, Արսենն իրեն ասել էր՝ մարդ է փնտրում: Դրանից հետո էլի մի քանի անգամ նշված թաղամաս է տարել Արսենին, եղել են Սեդրակ Զատիկյանենց տան մոտ:

Ըստ ցուցմունքի՝ Արսենն Արթուրին ասել էր, որ նրան, ում փնտրում է, իր եղբոր արյունն է կերել և պետք է թասիբի համար արյուն թափի…. Հետագայում Արթուրը Արսենին ծանոթացրել է Լուսինեի հետ, ում հետ Արթուրը ամուսնանալու մտադրություններ է ունեցել:

Հունիսի կեսերին Արսենը եկել է Լուսինեի տուն՝ իր հետ բերելով սպորտային պայուսակ, որի մեջ եղել են ինքնաձիգ, կեղծամ, ձեռնաշղթա ու այդ պայուսակն անձամբ պահել է տանիքում, սակայն դրա մասին Լուսինեն չի իմացել: Դրանից հետո, երբ ամեն անգամ Մալաթիա են գնացել, Արսենն իր հետ վերցրել է այդ պայուսակը ու սպասել հարմար առիթի, որ իր ծրագիրն իրականացնի: Լուսինեն Արսենի մտադրության մասին իմացել է մասամբ, նրան չեն ասել, որ Արսենը մարդ է ուզում սպանել, ասել են, որ մեկը կա, ում հետ Արսենը հաշիվներ ունի, ինչից հետո Լուսինեին նույնպես ներգրավվել են Մալաթիայում իրականացվող իրենց շրջայցերում:

Ըստ ցուցմունքի, սպանության օրը Զատիկյանենց տան մոտ Արսենը խնդրել է Լուսինեին՝ «քուր ջան, խնդրում եմ, դու դրանց տան մոտ կանգնի, հենց որ մեքենայով շարժվի, ուղղակի զանգի ինձ ասա, ոչ մի բանի հետ գործ չունես»:

Արթուրը, իջեցնելով Լուսինեին, մեքենայով սպասել է նրանց Լենինգրադյան փողոցի մոտ, ավելի քան երկու ժամից հետո վերադարձել է Լուսինեն, հենց այդ ժամանակ էլ հեռվից կրակոցի ձայներ են լսել, ինչից հետո Արսենն է միացել իրենց ու ասել՝ սպանեցի, արյունս հանեցի: Արսենը զանգել է ինչ-որ մեկին ու տեղեկացրել, որ գործն ավարտին է հասցրել: Հետո գնացել են Ջրվեժ, որտեղ Արսենը հանդիպել է մի տղայի, նրանից վերցրել մի փաթեթ ու դրել գրպանը, հետո նստելով Արթուրի մեքենան՝ գրպանից հանել է 100 դոլարանոց թղթադրամների փաթեթ ու այդտեղից իրեն 2.000 դոլար է տվել: Հետագայում Արթուրը հասկացել է, որ այդ փաթեթը սպանության վարձատրությունն էր:

Դատական նիստը հետաձգվել է, իսկ հաջորդ նիստին հարցաքննվելու է սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանին:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Արթուր Հովհաննիսյանը դատարանում ասաց, որ Նարեկ Խաչատրյանին չի ճանաչել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29