Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Զատիկյանի գործով հարցաքննվեց նախկինում դատապարտված կինը

Փետրվար 16,2016 20:55

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօր հարցաքննվեցին երկու վկաներ, որոնք այս գործով նախկինում դատապարտվել էին:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Դատական նիստն այսօր ընթացավ առանց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, նա չէր ներկայացել:

Հարցաքննվեց վկա Լուսինե Ղեւոնդյանը: Նա պատմեց, որ այժմ աշխատում է  «Հագուստի աշխարհում»՝ որպես վաճառողուհի:

Հետո դատարանում ցուցմունք տալուց հրաժարվեց, ասաց, որ նախաքննության եւ դատական նիստերի ժամանակ արդեն պատմել է՝ ինչ գիտեր, հրաժարվեց նաեւ լրացուցիչ հարցերի պատասխանելուց:

Մեղադրող Պողոսյանը հրապարակեց նրա՝ նախաքննության ցուցմունքը, իսկ մեղադրյալի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի էլբակյանն էլ միջնորդեց հրապարակել նաեւ նրա դատաքննական ցուցմունքները:

2007-ին նախաքննական ցուցմունքում Ղևոնդյանը պատմել էր, որ 2006-ին  խաղատանը, որտեղ մատուցող էր աշխատում, ծանոթացել է տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանի հետ, որոշել են ամուսնանալ, սակայն սկզբնական շրջանում նրա հարազատները դեմ են եղել: Հետագայում Արթուր Հովհաննիսյանի միջոցով ծանոթացել է Արսեն Առուշանյանի հետ:

Նա նաեւ պատմել էր, որ Արթուրն ու Արսենը հաճախ էին հանդիպում, ինքն էլ գրեթե բոլոր հանդիպումներին ներկա էր:

Երեքով մի քանի անգամ գնացել են Մալաթիա թաղամաս, Արսենն անընդհատ ասում էր, որ ինչ-որ տղայի պիտի հանդիպի: Արսենին նա մի քանի անգամ տեսել էր սպորտային պայուսակով:

Դեպքի օրն էլ կրկին միասին՝ ինքը, Արթուրն ու Արսենը գնացել են Մալաթիա թաղամաս, Արսենը գնացել էր իր փնտրած տղային հանդիպելու ու որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է իրենց մոտ ու ասել, որ չի կարողացել տեսնել այդ տղային:

Հետո միասին իջել են դեպի սեփական տները, նա մեծ տուն է ցույց տվել, որի դիմաց կանգնած է եղել սև գույնի մեքենա, իրեն էլ կարգադրել է իջնել մեքենայից, սպասել մինչև մեքենայի տերը դուրս գա, և այդ մասին հեռախոսով հայտնել իրեն: Լուսինե Ղեւոնդյանի ցուցմունքի համաձայն, ինքն այդ օրը նաեւ կարգադրություն է  ստացել Արսենից ուշադիր լինել, արդյոք մեքենայի տերը միայնա՞կ է մեքենա նստում: Նա դեպքի օրը նկատել է, թե ինչպես է Արսենի փնտրած երիտասարդը միայնակ ղեկին նստում ու մեքենայով հեռանում ու անմիջապես տեղեկացրել է այդ մասին Արսենին:

Ավելի ուշ, Արգավանդի մոտակայքից իրենց է միացել Արսենը, նա, Ղեւոնդյանի հիշելով, բավականին  լարված էր: Մեքենայում ինքն Արթուրի պայուսակում զենք է տեսել: Եվ միայն խոսակցությունից է հասկացել, որ Արսենը մարդ է սպանել: Վարդուհի Էլբակյանը հարցրեց վկային՝ ճանաչո՞ւմ է սպանություն պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանին, նրան տեսե՞լ է Արսեն Առուշանյանի հետ հանդիպելիս, վկան ասաց՝ ոչ:

Ի դեպ, այս վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները տարբերվում էին, նա դատաքննության ժամանակ կտրուկ հերքել է, որ ճանաչել է Արսեն Առուշանյանին, որի հետ ծանոթացրել է Արթուրը, երբ նա այցելել է իր աշխատավայր՝  խաղատուն: Մալաթիա թաղամաս մի քանի անգամ գնացել է Արթուրի հետ՝ ապառիկով կահույք գնելու համար: 2006 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում Մալաթիա թաղամաս չի գնացել: 2006 թ. հունիսի 22-ին Սեդրակ Զատիկյանի տան մոտ չի եղել, նրա տան տեղն ընդհանրապես չգիտի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29