Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ

Փետրվար 16,2016 20:08

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ:

«Իրանի առողջապահությունը համարվում է համաշխարհային առողջապահության համակարգերից մեկը: Փորձի փոխանակությունը օգտակար կլինի մեր երկրի առողջապահության ոլորտի համար, թե ամբուլատոր-պոլիկլինիկական, թե հիվանդանոցային, թե այլ օղակներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

Անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, ինչպես նաև մասնավոր  հատվածի ներկայացուցիչներ ընդգրկող հայ-իրանական աշխատանքային խմբերի մարզային բժշկական կազմակերպություններ այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրի բժշկական ծառայությունների հնարավորություններին և նախանշելու համագործակցության հետագա ուղիները:

«Իրանն ու Հայաստանն ունեցել են վաղեմի բարեկամական հարաբերություններ: Իրանի մասնավոր հատվածը շահագրգռված է  այստեղ ակտիվ գործունեություն ծավալելու գաղափարով: Հայկական կողմից  առաջարկել են, որ Վայոց ձորում կառուցվի կլինիկա: Եվ այս հարցում իրանական կողմի շահագրգռվածությունն ակնհայտ է: Կա նաև լավ հարթակ դեղերի և տեխնոլոգիայի ոլորտում գործակցության համար»,- նշեց  Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդին` հավելելով, որ քննարկվում է նաև համատեղ դեղագործական արտադրամասի ստեղծման հնարավորություն:

Հայ-իրանական աշխատանքային խմբերն այցելեցին նախ Եղեգնաձորի, ապա նաև Վայքի հիվանդանոցներ, որոնք ունեն արդիականացման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտություն:

Վայոց ձորի մարզի հիվանդանոցներում շրջայցի ժամանակ հայ մասնագետներն իրանական կողմին ներկայացրին մարզի առողջապահական կառույցների վիճակն ու նյութատեխնիկական հնարավորությունները, քննարկեցին ապագա համագործակցության վերաբերյալ երկկողմ առաջարկները:

Հաշվի առնելով նաև Իրանի իսլամական հանրապետության առողջապահական համակարգի վերաբերյալ միջազգային կառույցների բարձր գնահատականները՝ մեր պետությունը կարևոր է համարում հարևան Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Թեհրանում երկու ամիս առաջ Հայաստանի ու Իրանի առողջապահության նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունները թևակոխում են համագործակցության նոր փուլ: Հարևան պետությունները պատրաստ են առողջապահության ոլորտում զարգացնել գործակցությունն ու ամրապնդել կապերը:

Նշենք, որ երկու երկրների առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբերը հանդիպում են առաջին անգամ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29