Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ 20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ բնակելի մասնաշենքերը և ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետներ):
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով:
Կարդացեք նաև
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի և Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջև դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով:
ՀՀ կառավարություն