ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսօրվանից սկսում է արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեության կանոնակարգման գործընթացը:
Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ: «Այսօրվանից մենք սկսել ենք մի գործընթաց, որը վերաբերում է մարտարվեստների ֆեդերացիաներին, որոնց աշխատանքները կանոնակարգելու խնդիր վաղուց կա: Խոսքն այդ ֆեդերացիաների արտոնագրման մասին է, որովհետեւ մի շարք ռիսկեր կան, նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Մենք համագործակցում ենք Արդարադատության նախարարության եւ այլ գերատեսչությունների հետ եւ սա առաջին քայլն է: Վստահ եմ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք դրա արդյունքները կտեսնենք», – ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե հատկապես ինչն է կանոնակարգվելու, Գաբրիել Ղազարյանը ձեռնպահ մնալով կոնկրետ անուններ եւ օրինակներ նշելուց՝ ասաց. «Ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են: Բայց դա չի նշանակում, թե ինչ ուզեն կարող են անել: Եվ ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս: Սա սպորտ է, մարզական ՀԿ-ները դրսում Հայաստանն են ներկայացնում: Ասեմ, որ որոշ ֆեդերացիաներ թույլ են տալիս մի շարք խախտումներ, որոնք կապված են նաեւ անվտանգության հետ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շտկելու է դրանք»: Նախարարը նշեց, որ այս գործընթացը կարատեի, արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների համատարած արգելափակում չի նշանակում: Դրանք պետք է լիցենզավորվեն: Որոնք գործունեություն ծավալելու իրավունք կստանան, ինչու չէ, կարող են անդամագրվել մեկ ընդհանուր ասոցիացիայի մեջ եւ նրանց հետ կհամագործակցենք, մյուսները ժամանակի ընթացքում իրենք իրենց կփակվեն», – եզրափակեց նախարար Գաբրիել Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ