Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թ. գործունեությունը

Փետրվար 16,2016 18:55

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքների արդյունքում հանրապետությունում նկատվում է ջրաելքերի ավելացում: Նախարարը տեղեկացրել է, որ Սևանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձր է 6 սմ-ով: Ըստ նախարարի, գերակա խնդիրների իրականացման շրջանակներում 2015թ. պետբյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.7 հազ.հատ մանրաձուկ, իսկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ 238,8 հազ.հատ մանրաձուկ: Արդյունքում՝ նախատեսված 400 հազ. մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. մանրաձուկ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ  (տարեկան ծրագիրը՝ 135 hա):

Տեղեկացվել է, որ 2015թ. ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը: Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մշակման ընթացքում են նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի Ախուրյան և Մեծամոր գետերի գետավազանային կառավարման պլանները, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու Ախուրյան ջրավազանային կառավարման պլանի մշակման համար:

Ընդերքի և հողերի պահպանության ոլորտում իրականացվել են թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ՝ կազմվել են ՀՀ Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հողերի բնական տիպերի տարածման քարտեզները: 2015թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում: Հաշվետու տարվա ընթացքում նախարարության ներքո իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային և 11 տարածաշրջանային):

Ամփոփելով հաշվետվությունը և անդրադառնալով նախարարության 2016 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է բնապահպանական ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրին և հանձնարարել դրանց դեմ իրականացնել ուժեղացված վերահսկողություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանք՝  ավելացնելով, որ լուրջ անելիքներ կան նաև առաջիկայում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29