Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է, որ Թուրքիայում հայը սպանում է հային». Սարգիս Հացպանյան

Փետրվար 16,2016 18:44

«Նման դեպքեր, հարձակումներ շատ են եղել, բայց մահվան ելքով ու այդպիսի դաժանությամբ դեռ չէր եղել»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը՝ նկատի ունենալով օրեր առաջ Ստամբուլում ՀՀ քաղաքացիների կողմից տարեց հայ ընտանիքի դեմ իրագործված ավազակային հարձակում-կողոպուտը:

«Խայտառակություն է, որ Թուրքիայում հայը սպանում է հային»,- ընդգծեց Ս. Հացպանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձինք մտել էին տարեց հայ ամուսինների տուն, կապկպել նրանց, խոշոր չափի գումար և թանկարժեք զարդեր գողացել: 85-ամյա ամուսինը խեղդվել էր, կնոջ կյանքը հնարավոր էր եղել փրկել։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրից դուրս գալու փորձ կատարելու ժամանակ ձերբակալվել էին ստամբուլաբնակ տարեց հայ ամուսինների տան վրա հարձակում կատարած 8 կասկածյալներ, որոնցից 7-ը հայաստանցիներ են, 1-ը՝ Թուրքիայի հայ քաղաքացի:

«Արդեն երեք հազար տարուց ավելի է, որ Պոլսում հայեր կան: Այդ քաղաքի 50 տոկոսից ավելին տեղի հայ համայնքի կառուցածն է: Ամենահարգված, ամենավստահելի, օրինակելի ազգն այնտեղ հայն էր: Սակայն 1991 թվականից հետո պատկերը փոխվեց. սփյուռքի ցանկացած հատվածում հայի երկու տեսակ մեջտեղ եկավ՝ սփյուռքահայ և հայաստանցի: Վերջինիս տակ հասկանում են շահամոլ, խաբեբա, գող և այլն: Իսկ մինչև 1991 թվականը նման բան չկար: Ասում են՝ խորհրդային կարգերն են մեղավոր»,- նշեց Սարգիս Հացպանյանը:

Նա չի բացառում, որ այս դեպքից հետո Թուրքիայի իշխանություններն ստիպեն այնտեղի հայ համայնքին իրենց տներում աշխատող բոլոր ՀՀ քաղաքացիների տվյալները փոխանցել Ոստիկանություն, որից հետո էլ, հնարավոր է, այնտեղ բնակվող մոտ 100.000 հայաստանցիների «դեպորտ» անեն Հայաստան:

Բանախոսի տեղեկացմամբ՝ Հայաստանից գնացածների մի մասը Թուրքիայի քաղաքացիության հաշվառում չունի. «80 հազար հայ ապօրինի ապրում է այնտեղ: Նրանցից շատերը կատարում են նման հարձակումներ: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների մեծ մասը պոլսահայերի ընտանիքներում են աշխատում: Նրանք իրենց այստեղի ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու համար դիմում են նման անհեթեթ քայլերի: Առհասարակ, կողոպուտը, գողությունը հայերի կողմից մեծ չափերի է հասել»,- նկատեց Սարգիս Հացպանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29