Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Լենտեքս», «Հելլո», «Սարտոն», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները կներկայացնեն մեր երկրի թեթև արդյունաբերությունը փետրվարի 16-19-ը Մոսկվայում անցկացվող «Տեքստիլլեգպրոմ 2016» 46-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին:
Ընկերությունները մեկ միասնական տաղավարով միջազգային մեծածախ գնորդներին կցուցադրեն տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների հավաքածուներ։
«Տեքստիլլեգպրոմը» տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն անցկացվում է տարեկան երկու անգամ` փետրվար և սեպտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություն աշխարհի 42 երկրից և ավելի քան 30 000 այցելու` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։
Հայաստանի զարգացման հիմնադրամը «Տեքստիլլեգպրոմին» հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում՝ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, միջազգային շուկա մուտք գործելու և նոր գնորդներ ձեռք բերելու նպատակով:
«Եթե հաշվի առնենք ցուցահանդեսի շրջանակում հագեցած գործարար ծրագիրը՝ համաժողով, կլոր սեղաններ, արտադրանքների շնորհանդեսներ, մրցույթներ և այլն, ապա ակնհայտ է դառնում, որ ցուցահանդեսը շատ լավ հարթակ է մասնակից երկրների արտադրողների և մեծածախ գնորդների համար՝ պայմանավորվածությունների ձեռքբերման և գործարքների կնքման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն