Այսօր աշտարակացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ մեկնեցին Ռիո դե Ժանեյրո: Մարզիկները մասնակցելու են աշխարհի գավաթին, որն աշխարհի առաջնությանը հավասարազոր մրցում է:
Մեկնելուց առաջ Հրաչյա Չանդիրյանը Aravot.am-ին ասաց. «Փետրվարի 5-ից 14-ը Մոսկվայի մարզում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրինք Ռուսաստանի եւ Բելառուսի ընտրանիների հետ: Վերադարձել ենք երեկ առավոտյան եւ այսօր մեկնում ենք Բրազիլիա: Երկու տղաներն էլ հանդես են գալու աշտարակացատկում եւ վարկանիշի հավակնորդ են: Դրա համար նրանց անհրաժեշտ է Աշխարհի գավաթում ընդգրկվել 18 ուժեղագույնների մեջ: Նախապես խոստումներ տալ չեմ սիրում: Բայց եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես պլանավորել ենք, ուղեգրով կվերադառնանք»:
Աշխարհի գավաթը կանցկացվի փետրվարի 19-ից 24-ը: Մեր տղաները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 23-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ