Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տունը Կոնգրեսին է ներկայացրել բյուջեն

Փետրվար 16,2016 17:55

Վաշինգտոն –Այս շաբաթ, երբ նախագահ Բարաք Օբաման Կոնգրես ուղարկեց իր բյուջետային առաջարկությունները 2017 ֆինանսական տարվա համար, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շարունակում է առանցքային առաջնահերթություններ առաջադրել Հայաստանի և Արցախի համար:
Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Համագումարի առաջնորդները վերահաստատեցին իրենց մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների, այդ թվում` մանկապարտեզի թիրախավորման հետ, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի երկկողմանի շրջափակման: Բացի այդ, Համագումարը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում վտանգի տակ գտնվող քրիստոնյաների անվտանգության և բարեկեցության կապակցությամբ, այդ թվում նրանց, ովքեր փախչելով Իրաքից և Սիրիայից՝ ապաստան են գտնում Հայաստանում:

2017-ի ֆինանսական բյուջեի առաջարկը ներառում է 22,4 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական աջակցություն Հայաստանի համար, ավելին քան 2016-ի ֆինանսական բյուջեն: Նախագահի ներկայացրած բյուջեն նաև պահպանում է ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, 1 մլն ԱՄՆ դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և 600,000 ԱՄՆ դոլար՝ Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) համար, որը նվազել է նախորդ տարվա ցուցանիշից: Բացի այդ, վարչակազմը առաջարկել է 1,7 մլն ԱՄՆ դոլար թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային վերահսկողության ծրագրերի համար, ինչը նույնն է, ինչ նախորդ տարի: Վարչակազմի բյուջեն նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվելիք աջակցությունը, մինչև վերջինս չդադարի թշնամական գործողությունները Հայաստանի դեմ:

Առաջարկվող բյուջեն նաև նախատեսում է գրեթե 3 մլրդ ԱՄՆ դոլար միգրացիայի և փախստականների աջակցության համար, ընդգծելով, որ «Աշխարհը պայքարում է հումանիտար ճգնաժամերի դեմ, որոնք աննախադեպ են թե խստությամբ, թե տևողությամբ: Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի համաշխարհային ծրագրերի միջոցով ԱՄՆ կառավարությունը ջանում է պաշտպանել և աջակցել աշխարհի առավել խոցելի մարդկանց, այդ թվում փախստականներին, հակամարտությունների զոհերին, ներքին տեղահանված անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և խոցելի միգրանտներին»:

«Համագումարը շարունակելու է առանցքային առաջնահերթություններ առաջադրել՝ ի նպաստ հայ ժողովրդի և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, ինչպես դա արեց անցյալ տարի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովներին ներկայացված իր վկայությամբ», – նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանը միջոցներ ունենա հաղթահարելու մարդասիրական խնդիրները, որոնք առաջացել են Սիրիայի ճգնաժամի և փախստականների դեպի Հայաստան ներհոսքի հետևանքով»,- հավելել է Արդունին:

Նախատեսվում է նաև Հայաստանին ֆինանսավորում տրամադրել վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագրի միջոցով, որը հայտնի է որպես Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր (Scaling Up Renewable Energy – SREP): Վերջինս օգնում է ցուցադրել ցածր ածխածնային զարգացման ուղիների տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կենսունակությունը: Այս ծրագրի համար ներկայումս նախատեսվող ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 604 մլն ԱՄՆ դոլար 18 երկրների համար, այդ թվում` Հայաստանի:
Վարչակազմի առաջարկը ներկայացվում է այն ժամանակ, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը քննարկում են 4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օժանդակության տրամադրում Ադրբեջանին, ինչին Համագումարը խիստ դեմ է արտահայտվել պետքարտուղար Ջոն Քերիին և Գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուին հունվարի 29-ին հղված նամակում: Համագումարը կշարունակի հանդես գալ ընդդեմ Ադրբեջանին տրամադրվելիք ցանկացած ֆինանսական օժանդակության, հատկապես, եթե այն ներառում է ԱՄՆ հարկատուների դոլարները:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29