«Սերժ Սարգսյանի վերջին ելույթը նրա վերջին դրսեւորումն է: Բրեժնեւյան վերջին ներկայացուցչի կարապի երգն էր դա: Նրան պետք չի շատ ուշադրություն դարձնել, որովհետեւ նա բազմիցս նման ելույթներ ունեցել է, բազմիցս փորձել է իրենով անել ու պղծել բոլոր արժեքները, բայց ժողովուրդը եւ նրա գիտակցությունը հոսող գետ են եւ կմաքրեն ամեն ինչ»,- այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված մեր հարցին ի պատասխան՝ այսպիսի տեսակետ հայտնեց:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ մոտեցել է այն պահը, որ բողոքի ակցիայի այս փոքրաթիվ բազմությունը մի օր տասնապատկվելու է, հարյուրապատկվելու է եւ այս ռեժիմից վերջապես հաջողվելու է ձերբազատվել:
Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Դուք ընդվզման մասին եք նորից խոսում, բայց Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց, որ հեղափոխությունը մտքներիցդ հանեք, այդ ճանապարհով չեք կարող երկրում առաջընթաց ապահովել՝ Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. «Մենք ենք որոշում մեր մտքերում ինչ զետեղենք: Որոշողը մենք ենք, ինչպես նաեւ ասում ենք՝ մենք ենք տերը մեր երկրի: Սովորել է այդ լոզունգը: Շատ լուրջ պետք չէ ընդունել Սերժ Սարգսյանի խոսքերը: Նա հոգեվարքի մեջ է, սպառած է ինքն իրեն ամեն իմաստով՝ ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ որպես մարդ: Ուստի շատ լուրջ պետք չի ընդունել նրա խոսքերը: Պետք է լծվենք մեր գործին եւ օր առաջ գտնենք այն մեխանիզմը ժողովրդին մոբիլիզացնող եւ համապատասխան ընդվզմամբ ձերբազատվենք այս ռեժիմից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը առաջընթացի մասին էր խոսում, Դուք որեւէ առաջընթաց չե՞ք տեսել որեւէ ոլորտում՝ նա պատասխանեց. «Նրա ռեժիմի օրոք առաջընթացի արդյունքը բոլորի համար պարզ է՝ 300 հազարից ավելի հայ մարդ երկիրը լքել է : Երկրի զարգացումը կլինի այն օրը, երբ կլինի մասսայական ներգաղթը, հայ ժողովուրդը սկսի վերադառնալ իր բնօրրանը: Իսկ սա մարդաթափություն է: Էդ լոլոները թող կարդան իրենք իրենց համար»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, այդ միավորման կոչին չեք ենթարկվելու, նա ասում էր՝ այլմոլորակայիններ չեն գալու երկիրը փրկեն, տաղանդավոր մարդիկ մեր կողքին են՝ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Նա մոբիլիզացնում էր իր հանցավոր շրջապատին: Մենք ի՞նչ գործ ունենք այդ հանցագործների հետ: Մենք պատրաստվում ենք ժողովրդի հետ հեռացնելու այդ բանդային, եւ այն մարդիկ, որոնք ոճիր են գործել, հանցագործություն են գործել ժողովրդի նկատմամբ, պետք է պատասխան տան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ