Այսօր առավոտյան պայքարեցին 69 կգ քաշայինները: Երկամարտի 305 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Վանիկ Ավետիսյանը: Հաջորդ երկու տեղերն զբաղեցրին Ռոստոմ Կարապետյանը՝ 290 կգ, եւ Ռազմիկ Օլթեյցյանը՝ 272 կգ:
Երկրորդ հերթում հանդես էին գալու 77 կգ քաշային ծանրորդները: Կշեռքի արարողությանը ներկա չէին այս քաշային կարգում մեր երկու առաջատարները՝ օլիմպիական խաղերի գլխավոր թեկնածուներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը:
Aravot.am-ը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանից հետաքրքրվեց, թե նրանք ինչո՞ւ չեն մասնակցում առաջնությանը: «Թե Տիգրանը, թե Անդրանիկը այս առաջնությունում հանդես են գալու 85 կգ քաշային կարգում: Մենք իրենց թույլ չենք տվել անձնական քաշն իջեցնել, քանի որ նրանք դեռ մեկ անգամ քաշ գցելու են մոտ երկու ամիս հետո՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, մեկ անգամ էլ՝ Ռիոյի օլիմպիական խաղերում: Ընդհանրապես, յուրաքանչյուր մրցում իր խնդիրներն ու նպատակներն ունի: Այսօր մեր խնդիրը մարզիկին իր անձնական քաշով ինչի ի վիճակի լինելն իմանալն է» – ասաց պարոն Ալավերդյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է հայտացուցակներում բացակայում Առաքել Միրզոյանի անունը, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ Առաքել Միրզոյանն ու Արայիկ Միրզոյանը հավաքականի վերջին երկու ուսումնամարզական հավաքներին հրավիրվել են:
Կարդացեք նաև
«Սակայն Առաքելը պատրաստ չէ այս առաջնությանը մասնակցելուն, իսկ Արայիկը 77 կգ քաշային կարգում հանդես է գալու: Այս երկու ծանրորդները կմասնակցեն նաեւ առաջնությունից հետո կազմակերպվելիք երկու հավաքներին՝ Ծաղկաձորում եւ Կազանում: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե Առաքել Միրզոյանը կմեկնի՞ Եվրոպայի առաջնություն», – մեկնաբանեց Փաշիկ Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ