Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի 4 քաղաքացիական գործ:
Փետրվարի 16-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա էր նաեւ Ժիրայր Ավանյանը: Նա նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ մինչեւ այսօր չգիտեր, թե «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն առաջարկում է 64 միլիոն դրամ. «Այսօր առաջին անգամ իմ դատապաշտպանից լսեցի, որովհետեւ ինձ չի հետաքրքրում, ես չեմ ուզում տալ, ես այնտեղ 18 տարվա կյանք եմ դրել, քրտինք եմ դրել, այնպես որ գումարի թիվը իմ դատապաշտպանի կողմից դրա կասկած առաջացնելը ընդամենը փուլ է: Թե չէ, ես դատարանում կասեի՝ մենք իզուր տեղը ժամանակ ենք կորցնում, ես հետաքրքրված չեմ վաճառել»:
Նա հավելեց, որ ինքը պատրաստ է պետական կարիքները բավարարել անձամբ իր գումարով. «Այնպես որ պետական կարիքները պետք չունի ինձնից վերցնել, տալ ուրիշ ինչ-որ մեկին, որ իմ փոխարեն անի, որ ես արդեն 18 տարի է՝ անում եմ»:
Կարդացեք նաև
Ժիրայր Ավանյանը չի վստահում «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ին եւ կարծում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե արտոնյալ ընկերություններ չպետք է լինեն, հուշում է, որ պետք է արտոնյալությունը դուրս հանել. «Ի՞նչ իրավունք ունի, անկապ մի ընկերություն, որը գալու է, հիմա էլ ձայն են հանում, որ իբր չեն քանդելու: Եթե չեք քանդելու, ապա ինչների՞դ է պետք իմ շենքը, բիզնեսս ես ուզում գողանա՞լ: Չեմ տալիս»:
«Դոլմամա» ռեստորանի հիմնադիրը եւս պատվիրել է նախագիծ մշակել շենքը պահպանելու համար. «Դա նախագիծ չէր, որն առաջարկվում էր որպես տարբերակ, դա առաջարկ էր ընդամենը տարբեր մտածելակերպի համար: Եթե ուզում եք այդտեղ կառուցապատում կատարել, հիանալի հնարավորություն կա այսօր այդ տարածքը դարձնել Երեւանի այցեքարտը: Որովհետեւ դա մնացել է միակ փողոցը, որտեղ ծայրից ծայր հետաքրքիր շենքեր են, ունի բավականին մեծ բակ, որտեղ կարելի է մի բան կառուցել, որը կդառնա այն վիզը, որի վրա այդ ամբողջ շենքը մարգարիտի պես այդ վզնոցին նստի եւ կդառնա Երեւանի համար շատ կարեւոր մի անկյուն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ