Նոր ատոմակայանի կառուցումը ոչ թե կապահովի մեր էներգետիկ անվտանգությունն, այլ կվտանգի այն: Այս համոզմանն է «Կանաչների միության նախագահ», բնապահպան Հակոբ Սանասարյանը:
Այսօր «Հենարան» ակումբում պարոն Սանասարյանը մտահոգություն հայտնեց, որ նոր ատոմակայանի ոչ միայն կառուցումն է վտանգավոր, այլեւ ընտրված վայրը: Նոր էներգաբլոկը կրկին նախատեսված է Մեծամորի տարածքում: Ըստ Հակոբ Սանասարյանի, այդ հատվածում երկրաշարժի վտանգը 9,5-ից տասը բալ է:
Նա, վկայակոչելով գիտնականների ուսումնասիրությունը, ասաց, որ մեր երկրում միակ, համեմատաբար, սեյսմակայունությամբ ցածր ռիսկ պարունակող հատվածը Իջեւանից դեպի ադրբեջանական Թովուզ տանող տարածքն է:
Նշենք, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը կառավարության պատասխանատուները բացատրում են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովմամբ, որն ամրագրված է հայեցակարգով, ըստ այդ հայեցակարգի նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչեւ 2026 թվականը:
Կարդացեք նաև
Հակոբ Սանասարյանը գտնում է, որ Հայաստանը պետք է այլընտրանքային
Էներգետիկան զարգացնի, որն անվտանգ է եւ շահավետ: Ըստ նրա, միջուկային էներգետիկայի կողմնակիցները` մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ն ցույց է տալիս, որ այլընտրանքային էներգիան այնքան էլ լուրջ տարբերակ չէ, սակայն պարոն Սանասարյանն այդպես չի կարծում: Նրա համոզմամբ, մեր երկրում հեռանկարային է եւ անվտանգ ջերմոէլեկտրակայանների ու արեւային էներգիայի միջոցով էլէկտրաէներգիա ստանալը:
Պարոն Սանասարյանը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք բարձրացրել է այս հարցը, նրան վարչապետը պատասխանել է, որ այլ տարածք ընտրելու համար անհրաժեշտ է 1-2 միլիարդ դրամ:
Aravot.am-ի հարցին, թե նոր վարչապետի` Հովիկ Աբրահամյանի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի սեղանին դրե՞լ է հակափաստարկներ` նոր ատոմակայանի վտանգավոր լինելու վերաբերյալ, Հակոբ Սանասարյանն ասաց, որ նման փաստաթղթերի տրցակ ունի, սակայն մի քանի անգամ դիմել է վարչապետին, հանրապետության նախագահին հանդիպելու համար, սակայն նրա դիմումները մակագրվել են Էներգետիկայի նախարարությանը: Այս կառույցից պարոն Սանասարյանի մտահոգություններին պատասխանել են, որ նոր ատոմակայանի շահագործումը անվտանգ է եւ սեյսմոկայունության հետ կապված խնդիր չկա:
Մանրամասները` տեսանյութում
Որքանով է անվտանգ նոր ատոմակայանի կառուցումը եւ արդյոք ատոմակայանը կառուցելու տեղում սեյսմակայունության գոտու հետ կապված խնդիրներ կան, ինչպես որ նշում է Հակոբ Սանասարյանը, Aravot.am-ի հետ զրույցում Էներգետիկայի նախարարությունից հայտնեցին, որ պարզաբանումներ կներկայացնեն առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ամենալավը՝ Հայաստանի համար, հայելիներով գործող արեգակնա-ջերմային ուժանյութի կառույցն է՝ ինչպես որ արված է և արվում է Իսպանյայում և այլ վայրերում՝ ընդարձակելով 300 MW-ից ավել հզորության, տեսեք՝ https://en.wikipedia.org/wiki/PS20_solar_power_plant
Անահիտ Շիրինյան