Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 16-ին դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում էր «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի գործերից երկուսի քննությունը:
Երկու գործերով էլ Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը երկու դատական նիստի ընթացքում ներկայացրեց նույն միջնորդությունները: Նա հայտարարեց, որ կողմը համարում է, որ դրամահաշվետվությունները արժանահավատ չեն եւ միջնորդեց գործով նշանակել փորձաքննություն եւ գործի վարույթը կասեցնել մինչեւ փորձաքննության եզրակացության ստացումը:
Մյուս միջնորդությունը դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում գտնվող 3 քաղաքացիական գործերի մասին է, որոնք ներկայացրել է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Ժիրայր Ավանյանի: Տիգրան Աթանեսյանը միջնորդեց 3 գործերը 1 վարույթում միացնել:
«Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ կողմը չի առարկում գործերի միությանը, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է միջնորդության քննարկումը հետաձգել, քանի որ չորեքշաբթի նույն կողմերով մեկ այլ քաղաքացիական գործ ունեն, եւ մինչեւ այդ գործը չբացեն, գործերի միացման խնդիր չեն կարող լուծել:
Կարդացեք նաև
«Հիմնավորում չբերեց, թե ինչու չէ կասկածելի, սա պարզապես կողմի ենթադրությունն է, որովհետեւ հեչ էլ կասկածելի չէ՝ լիցենզավորված սուբյեկտի կողմից իրականացվել է գնահատում, այն էլ մեկի փոխարեն՝ երկուսը: Ճիշտ է, այսօր իմ կոլեգա պարոն Աթանեսյանը կողմի շահերը ներկայացնում է, բայց կողմը, ես նկատի ունեմ պարոն Ավանյանին, գործում ներգրավված է եղել ի սկզբանե, դատական նիստերի տեղի եւ ժամանակի մասին ծանուցված է եղել, դատավարություններին մասնակցել է, ընդ որում, այնպես չէ, որ ինքը գիտելիքներ չունենալով մոլորված է մասնակցել, իր շահերը նույնիսկ փաստաբան է ներկայացրել գործի նախապատրաստման ժամանակ: Ապացույցները, ըստ մեր քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ներկայացվում են գործի նախապատրաստման ժամանակ, դատաքննության ժամանակ ապացույցը կարող է ներկայացվել, եթե կողմը բացատրի, թե ինչու ժամանակին չի ներկայացրել, ուստի՝ իմ կարծիքով՝ մենք այդ ապացույցը չենք կարող քննարկել միջնորդության դեմ առարկում եմ. խնդրում եմ մերժել»,- ասաց Սիրունյանը:
Դատարանը միջնորդությունների քննարկումը հետաձգեց: Երկու դատական նիստերը հետաձգվեցին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ