Լրահոս
Օրվա լրահոսը

Էկզիստենցիալ խմբագրություն (պատմվածք)

Փետրվար 16,2016 14:54

Գրական թերթի խմբագրությունում էի։ Չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտնվել, առհասարակ: Խմբագիրն ակնոցավոր, պատկառելի կնճիռներով, պատկառելի բեղմորուքով հայտնի, սիրված ու հեղինակավոր մի անձնավորություն էր: Ուզում էր ինչ-որ դիտողություն անել երևի, բայց կարծես պատեհ րոպեի էր սպասում: Խմբագրության աղջիկներից մեկից թեյ խնդրեց, մինչև բուն թեմային անցնելը:

-Արսեն…

-Այո, պարոն Ասլամիզիրյան, լսում եմ ձեզ,- ժպտացի:

-Վաղու՞ց եք գրում:

-Դե… մի երկու տարի կլինի…

-Շատ բարի…

Թեյը ձեռքին վեր կացավ ու քայլեց դեպի պատուհանը:

-Գիտե՞ք, Արսեն ջան… երիտասարդ եք… բայց պիտի սովորեք քննադատություն ընդունելը…

-Լսում եմ,- դեմքիս ժպիտ գծագրեցի: «Ի՞նչ է ուզում, ճպպացրու դեմքիս, մեծ տղա եմ»,- մտածեցի:

-Օրինակ… ինչու՞… Այ, մեր տաղանդավոր աղջիկը տեքստը այսպես է սկսել. «Անսեռունակ, անկենդան, պողպատյա միատարր ճիչը մեղմիկ տժժոցին ճանապարհորդակցելով՝ քիչ մնաց սպաներ, և ինձ տարան մորգ: Հետո ընկերներս եկան տուն մերոնց հաղորդելու, որ ինձ շատ են սիրել ու ցավում են ծաղիկ հասակում մեռնելու համար…»:- Ապա թեթև պաուզայից հետո հարցրեց,- նկատու՞մ եք։

-Ինչը՞:

-Այ խնդիրն այստեղ է,- մատը խորհրդավոր վեր տնկեց Ասլամիզիրյանը,- հիմա կփորձեմ բացատրել… Այս տեքստը միանգամից բեռնում է ու տանում…

-Դեպի ու՞ր:

-Դեպի էկզիստենցիալ հոգեթերապիա, Արսեն ջան:

– Դա ի՞նչ է:

Նորից վեր կացավ տեղից:

-Քիչ ես կարդում, Արսեն ջան…

-Բայց…

-Ոչ մի բայց,- ժպտաց Ասլամիզիրյանը,- Ժան Պոլ Սարտր…

-Բայց դա սրճարան չէ՞:

Մի քանի վայրկյան ինձ նայեց ու սկսեց քահ-քահ ծիծաղել:

-Հոգյակս, ախր ծաղրում ես, չէ՞,- ժպտաց նա:

-Չէ, չեմ ծաղրում,- պատասխանեցի հնարավորինս լուրջ:

Նստեց ու նորից վեր կացավ:

-Դե, ուրեմն գրի առ:

Չեմուչում անելով մի թուղթ վերցրի ու թթու մռութով պատրաստվեցի Ասլամիզիրյանին լսել:

-Սարտրը նախորդ դարի մեծագույն փիլիսոփա ու գրող է: Նրա փիլիսոփայական աշխարհայացքում աթեիզմը համարվում է ինքնըստինքյան ակնհայտ՝ «Աստծո կորուստը» չի սգվում:

-Ինչի՞ս է պետք այս ամենը:

Կարծես թե կատաղեցրի Ասլամիզիրյանին:

-Որ ուղղամտությամբ հագեցած տեքստեր չուղարկես,- լուրջ էր այս անգամ ամեն ինչ:

-Ինչո՞ւ եք վիրավորում…

-Ձեր շարադրությունները ոչ մեկին պետք չեն, զրո սիմվոլիզմ…

-Իսկ դա՛ ի՞նչ է:

-Է՜հ, տղա ջան, նման գիտելիքներով գրականություն չեն մտնում,- ասաց ու վառեց մի սիգար: Մտածեցի, որ սիգարով Ասլամիզիրյանն ինքնին մի հիանալի կերպար է:

-Որ Սթայնբեք կարդայիր, կիմանայիր,- շա՛տ տխուր էր այս անգամ, շա՜տ:-Չե՛ս կարդացել,- վրա բերեց Ասլամիզիրյանը՝ խփելով սեղանին:

Հետո աչքերը հառեց առաստաղին ու ստակկատոներով ծխեր արձակեց:

-Անիմաստ է: Իսկ Կաֆկա կարդացե՞լ եք:

-Երևի, կարծեմ՝ կարդացել եմ:

-Չե՛ս կարդացել,- բռունցքով հարվածեց սեղանին,- որ կարդայիր, տեքստերումդ մի գրամ խորություն կլիներ:

-Ընդհանրապե՞ս չկա,- մեղավոր դեմք ընդունեցի:

-Ընդհանրապես: Գեթ մի գրամ: Շարադրություն: Քոնը շարադրություններ են, չնեղանաս:

-Չեմ նեղանում,- ձեռքերս հարցականորեն տարածեցի:

Անհանգիստ էր Ասլամիզիրյանը: Արդեն չեմ հիշում, թե քանի անգամ վեր կացավ ու նստեց, չեմ հիշում՝ կանգնա՞ծ էր խոսում, թե՞ նստած:

-Դուք կարդու՞մ եք մեր գրաքննադատ Դարբին Սամվելյանի գրախոսությունները:

-Մեկ-մեկ:

-Տխուր է: Տխուր:

Նորից պաուզա:

-Նա, ուրեմն, գրում է, որ այժմյան գրականությունը ֆեյսբուքյան ստատուսի գին ունի: Փորձեք դուրս գալ այդ շրջանակներից, երիտասարդ, ախր ձեզ համար եմ ասում:

-Լավ,- ձայն հանեցի ես:

Պաուզա:

-Իսկ… իսկ Վանո Սիրադեղյանի գործերը կարդացե՞լ ես:

-Ոնց որ չէ:

Խուլ հառաչեց, նորից վեր կացավ ու նստեց, հետո՝ նորից քայլեց։ Ու այդպես մի քանի անգամ:

-Ես արդեն չգիտեմ,- ու գլուխը մեքենայի շնիկի պես աջուձախ արավ:

Ետուառաջ անելուց հոգնած, ընդհանրապես, կյանքից հոգնած, ընկղմվեց գրասենյակային բազկաթոռին ու հայրաբար աչքերը հառեց վրաս՝ որպես անառակ որդու (բայց չվերադարձած): Նրա նաիրյան դեմքին կարդում էի մի բան՝ ողբամ զքեզ, Հայոց աշխարհ:

-Իսկ Դոստոևսկու մասին անիմաստ է խոսելը…

-Անիմաստ է,- հաստատեցի ես:

Ասլամիզիրյանը հոգնեց վերջնականապես ու թևերը արմնակակալներին փռեց:

-Արսեն… Փեղկփանոս Փարհամանյանին՝ մեր երիտասարդ գրողի գործերը, կարդացե՞լ ես: Գիտեմ, որ ոչ, բայց, մարդ էս, էլի… Քո հասակակիցը կլինի, թող մի քիչ մեծ…

-Հը… չէ, կարծեմ:

-Դե, լսիր. «Ինչ-որ հեռավոր անցյալում պապս ասանա-պադմասանա դիրքով, դեպի վեր պարզած բռունցքները դնում է հանգույցներին, միջամատն ու ճկուտիկը խաչում, բացում բերանը և լիաթոք օդ ծծում ու փչում՝ փոխեփոխ՝ փորձելով միախառնվել գյուղի տնքոցներին»: Ջոկի՞ր:

-Իհարկե:

-Լսիր, սա էլ մեր Փարսադան Մամլյուկյանն է. «Նրան գգվեցի, նախ դրեցի ծոցիս մեջ, ապա մեջքը հափշտակելով՝ սկսեցի պաչպչել նրա ոչ մեծ, ոչ էլ փոքր կրծքերը, ապա շոյեցի նրա մսոտ շուրթերը… Ծեր մի աղջիկ էր արդեն, նրա մարմնից փչում էր հասած պտղի բույրը. նրա հեծեծող մատերիան անվերջ խաղեր էր տալիս ընդարմացած ոտքերիս մեջ…»: Զգու՞մ ես Էրոտի ուժը…

-Ըմմմ… ասենք, զգում եմ…

-Գիտե՞ք՝ պարզությունը գրականության թշնամին է:

-Ինչո՞ւ…

-Որովհետև… Իսկ էսսե-ֆիկցիաներ երբևէ կարդացած կա՞ս,- հարցրեց ու վալիդոլի հաբ դրեց լեզվատակին:

-Ըմմ… չէ:

-Պարզ է,- Ասլամիզիրյանն աչքերը նորից հառեց առաստաղին: Երևում է՝ շատ էի վշտացրել:

Ինձ մնում էր հեռանալ խմբագրությունից, «ցտեսություն» ասելն անիմաստ էր թվում, Ասլամիզիրյանի դարդուցավը դա չեր: Անաղմուկ, ոտնաթաթերիս վրա կամաց-կամաց, շարժվեցի դեպի դուռը, այնուամենայնիվ, «ցտեսություն» ասացի ու որպես պատասխան ծպծպոցի նման մի բան լսեցի։

Արդեն տանն էի, երբ Ֆեյսբուքից իմացա, որ մեկ ժամ առաջ Ասլամիզիրյանին տեղափոխել են խմբագրությանը մոտակա հիվանդանոցը։ Այո՛… ուղեղի կաթվածով…

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել