Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակեց «Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ-ի արդյունքները»:
Գրասենյակի ծրագրերի օգնական Անուշ Համբարյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդմ, 2015-ի ընթացքում ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման 304 դեպք է եղել, որոնցից 201-ը տեղի է ունեցել հավաքների ժամանակ, իսկ մնացած 103-ը անհատական դեպքեր են:
Մարդկանց խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է ամենաշատը՝ 96 դեպք: Ոստիկանները մարդկանց թույլ չեն տվել ակցիաների ժամանակ մոտենալ Սերժ Սարգսյանի նստավայրին, ԱԱԾ շենքին, ՌԴ դեսպանատուն, գլխավոր դատախազություն, ԿԸՀ շենք եւ այլն:
Կարդացեք նաև
Արձանագրվել է 12 դեպք, երբ ոստիկանները հավաքի մասնակիցներին կամ լրագրողներին հարվածել են, հրել են, նրանց ապտակել են:
Անհատական 24 դեպք է գրանցվել, երբ ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, 18 դեպք է գրանցվել, երբ ոստիկանները հայհոյել կամ վիրավորել են քաղաքացիներին, սպառնացել, հոգեբանական ճնշում են գործադրել՝ խախտելով նրանց՝ մարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:
Քաղաքացիներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ հոկտեմբերի 30-ին բերման է ենթարկվել Ստեփանավանի ոստիկանության բաժին, որտեղ ոստիկաններն իրեն հայհոյել են, որպեսզի խոստովանի իրականում իր կողմից չկատարած գողության դեպքը:
Ըստ մոնիտորինգի, ոստիկանությունը չի հրաժարվել նաեւ մարդկանց գրպանները ինչ-որ թմրամիջոց, «պլան» գցելու արատավոր պրակտիկայից.
Վրաստանի մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անձնական խուզարկություն կատարելիս ոստիկանն իր տաբատի գրպանի մեջ գցել է պոլիէթիլենով փաթեթավորված նյութ, ապա հանել է եւ հայտարարել, թե այն իբր իր գրպանից է գտել:
«Նուբարաշեն» քրեակատարողականի մի կալանավոր էլ հաղորդում է տվել այն մասին, որ նորից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրեն բերման են ենթարկել գողություն կատարելու կասկածանքով, բաժնում իր գրպանն են գցել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ հետո նույն աշխատողների կողմից հայտնաբերել անձնական խուզարկությամբ:
Մոնիտորինգի արդյունքներում տեղ է գտել նաեւ «Առավոտի» այն հրապարակումը, ըստ որի, Կողբ գյուղի տարածքում պետավտոտեսուչը վիճաբանել է երեւանցի մի վարորդի հետ ու հարվածել նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ