Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԾ-ի տվյալներով Հայաստանում 219.200 տարեց կա, իսկ ընտրացուցակներում՝ 370.278 ընտրող էր գրանցված»

Փետրվար 16,2016 14:09

«Ընտրական ցուցակներում հիմնական խնդիրներից էր ուռճացված լինելը։ Բնակչությունը փաստորեն նվազել է, բայց աճել է ընտրողների թիվը։ Ոստիկանությունը, բնականաբար, պարզաբանում է ներկայացնում, թե իրենք իրավունք չունեն ընտրողներին, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, հանել ցուցակներից։ Բայց սա շատ մեծ ռեսուրս է բազմակի քվեարկության համար»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

Նա մասնավորապես ներկայացնում էր անցած տարվա դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները։ «Ստացվում է, որ Հայաստանի մշտական բնակչության 85%-ն ընտրացուցակներում է։ Դա պաշտոնական տվյալներով։ Իսկ իրականում դեմոգրաֆիական ցուցանիշները 70-72%-ի շրջանում են ցույց տալիս այդ թիվը»։

Ներկայացնելով հանրաքվեի հետ կապված մյուս խնդիրը, Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կային հասցեներ, որտեղ բավականին մեծ թվով ընտրողներ էին գրանցված . «13 հասցե կար, որտեղ 100-ից ավելի ընտրողներ կային։ 10.400 հասցեներում էլ 10-ից ավելի ընտրողներ կային։ Ոստիկանությունը պարզաբանեց, թե դրանք ծերանոցներ էին։ Մեր ասածն այն է, որ պետք է գնալ եւ տեսնել, թե իսկապե՞ս այնտեղ 100 ընտրող կա, թե ոչ»։

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենի՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում մշտական բնակություն ունեն 219.200 65 տարեկան եւ ավելի մեծ անձինք. «Իսկ ընտրացուցակներում ներառված էին 370.278 ընտրող»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29