Համաշխարհային կրթական կառուցվածքում ուսուցման նոր ձևաչափը` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շրջանում բավականին հետաքրքրություն է առաջացրել: ՀՊՄՀ Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչությունը նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսներից սկսել է առցանց ուսուցման գործընթացը: Ինտերակտիվ ուսուցումն այլևս իրականություն է, որը կրթության ոլորտում նոր ու օպերատիվ գործոն է:
ՀՊՄՀ-ի Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչության պետ Մկրտիչ Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք այս աշխատանքներն սկսեցինք դեռևս անցած տարվանից: Սկզբում ներառեցինք առաջին կուրսի ուսանողներին: Եվ փորձը ցույց տվեց , որ իրականացրած կրթական ծրագիրն իսկապես տվեց ցանկալի արդյունք: Դասախոսական կազմը` aspu.am կայքի «classroom» հավելվածի համացանցային տիրույթի միջոցով, թեմատիկ նյութերը հասանելի են դարձնում ուսանողին: Դասախոս-ուսանող կապը մշակված պարզ մեխանիզմ է` էլեկտրոնային տարբերակով»:
«Մենք մեր առջև ունենք համաշխարհային փորձը: Առցանց ուսուցումը` նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում սովորական երևույթ է, որը մեր կրթական ոլորտում առաջին քայլերն է անում: Այսօր կարող ենք ասել, որ ՀՊՄՀ-ում 10.000 ուսանող առցանց ուսուցմամբ կրթություն է ստանում: Տեսական գիտելիքների արտահոսքն ապահովում են դասախոսները: Ամեն ինչ արվում է ինֆորմացիան ուսանողին ավելի դյուրին և մատչելի դարձնելու համար»,-ասում է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կրթական բարեփոխումների և որակի բարձրացման վարչության պետը:
Խոսելով համացանցային ուսուցման առավելությունների, ուսանողներին բավարար մակարդակով մասնագիտական թեմաների, հնարավոր բարդությունների ու թերությունների մասին՝ Մ.Ավագյանն ասաց, որ համալսարանն ապահովված է նորագույն տեխնիկայով, և ուսանողներից յուրաքանչյուրն իր սմարթ հեռախոսների միջոցով կարող է հետևել, աշխատել նոր` առցանց տարբերակով: Այն ուսանողները, որ չունեն համակարգիչ, հեռախոս` ՀՊՄՀ-ի հատուկ լսարաններում կարող են օգտվել համակարգիչներից, և լրացնել բաց թողածը: «Հատուկ ծածկագրերն ու համալսարանի ստեղծած էլեկտրոնային էջերը` յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն է ընձեռում տեսնել հանձնարարությունները, դրանց ներկայացման վերջնաժամկետներն ու առաջիկա անելիքները»:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ